Սահմանամերձ դպրոցներին անվճար դասագիրք տրամադրելն անհրաժեշտություն է. ոլորտի ներկայացուցիչներ

09:29 • 09.09.14

Սահմանամերձ և սահմանապահ գյուղերի աշակերտներին դասագրքեր տրամադրվում են վճարովի: Այդ դպրոցներում որոշակի զեղչային համակարգ կա սոցիալապես անապահովներին աջակցելու համար, ինչը, սակայն, խնդրի ամբողջական լուծում չի կարող լինել:


«Այդ աշակերտներին անվճար դասագիրք տրամադրելը կլինի բարոյական և ճիշտ քայլ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից նման որոշում կայացնելու անհրաժեշտության շուրջ իր տեսակետը:


Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերում հանրակրթության հարցը երկրի համար շատ լուրջ խնդիր է հատկապես այն առումով, որ դպրոցներում աշակերտների թիվը շարունակ նվազում է, դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, իսկ աշակերտների պակասը բերում է ֆինանսների և ուսուցիչների աշխատավարձերի կրճատման:


«Սահմանամերձ գյուղերի աշակերտները պետք է ոչ միայն անվճար ստանան գրքերը, այլ նաև պետք է այդ դպրոցների ֆինանսավորումը Կառավարությունն առնվազն կրկնապատկի, որպեսզի ինչ-որ չափով բարձրացվի կրթության որակը: Իսկ որ այդ գյուղերում կրթության որակը ցածր է, պարզվում է տարբեր հետազոտություններով»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հիշեցնելով, որ իրենք աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորման կրկնապատկման հարցը բազմիցս բարձրացրել են:


Ինչ վերաբերում է այդ հարցում սոցիալական ծրագրերի կիրառությանը, Անահիտ Բախշյանը նշեց, որ այդ գյուղերում համատարած անապահովություն է, և փորձը ցույց է տալիս, որ այդ սոցիալական ծրագրերըիրենց նպատակին չեն ծառայում. «Այնտեղ ամենաշատը գյուղապետը կարող է երկու կոպեկ ավել գումար ունենալ: Այդ գյուղերում պետք է պետական քաղաքականություն, ոչ թե սոցիալական խնդիրներ»:


Անահիտ Բախշյանը նաև հիշեցրեց, որ պետությունն ամեն տարի 120 մլն դրամ է հատկացնում սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի համար: Եվ դեպք, որ անապահով ընտանիքի երեխան չստանա գիրք, չպետք է լինի:


Տավուշի մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն Նազարյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, լավ կլինի, որ բոլորին անվճար տրամադրեն գրքերը:


«Եթե ծնողը կարող է նախապես վճարել գրքերի գումարը, թող վճարի, իսկ եթե չի կարող, ապա այդ գումարը կարող է մինչև տարվա կամ կիսամյակի վերջ մաս-մաս մուծել: Բոլոր երեխաները, որոնք գնում են դպրոց, պետք է ստանան գրքերը»
,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահին իրենք դեռ սպասում են նման որոշման։


«Իսկ մենչ այդ մենք սոցիալական ծրագրեր ևս ունենք և թույլ չենք տալիս, որ սոցիալապես անապահով ընտանիքներից գումար վերցնեն: Կան երեխաներ, որոնց դասագրքերը տրամադրվելու է լիովին անվճար»,– նշեց նա՝ ավելացնելով, որ ինչ-որ միջազգային կազմակերպություն էլ առաջարկել է հովանավորել դասագրքերի անվճար տրամադրումը:


Նշենք, որ Հայաստանում սահմանամերձ դպրոցները շատ են, իսկ կոնկրետ սահմանի եզրին Տավուշի մարզում կա 16 դպրոց: Անցած տարի մարզի 16 դպրոցներում ընդհանուր առմամբ բաժանվել է 8 մլն 58 հազար 870 դրամի գիրք, որից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար զեղչ է արվել 915 հազար 995 դրամի չափով: Այս տարի արդեն բաժանվել է 46 անուն դասագիրք և 16 անուն ուսուցչի ձեռնարկ:

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի փոխտնօրեն Գարիկ Գարեգինյան ասաց, որ դպրոցն ու կրթության վարչությունները կարող են կարգավորել այդ հարցը: «Իրենք թող որոշեն, ի վերջո, սահմանամերձ գյուղերում ընտանիքներ կան, որոնք բոլորը չէ, որ անապահով են: Դրան միանշանակ ձևակերպում չի կարելի տալ»,- ասաց նա:


Վերջինս նաև նշեց, որ սահմանամերձ դպրոցներին տրամադրվում են գրքերն այնքան, ինչքան իրենք պահանջում են: Նրա խոսքով՝ սահմանամերձ գյուղերի երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելու հարցը քննարկման փուլում է նաև իշխանական շրջանակներում:


Ինչպես Tert.am-ին փոխանցեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Սահմանապահ գյուղերին աջակցելու մասին օրենքի նախագծում ընդգրկված բոլոր առաջարկների հետ դա ևս Կառավարությունը լավ տրամադրվածությամբ ուղարկել է ֆինանսների նախարարություն, այս պահին նախագիծն այնտեղ է: «Հրավիրում ենք բոլոր վեց քաղաքական ուժերին մասնակցել քննարկումներին»,-ասաց նա: