Սահմանադրական բարեփոխումների քննարկումներում վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա. Գ. Դանիելյան

11:40 • 09.09.14

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների մասին ասաց, թե դրանք արդեն թևակոխել են Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու փուլ, ապա ավելացրեց, որ վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա:


«Այս մեկ տարվա ընթացքում կարողացանք մշակել հայեցակարգի նախագիծ և դնել հանրային քննարկման: Ամփոփել ենք նաև դիտողությունները, որոնք արվել են հանրային քննարկումների ընթացքում, և դրանք պատրաստ ենք ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Այդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որից հետո կամփոփենք ամեն ինչ և հոկտեմբերի 15-ին այն կներկայացնենք ՀՀ Նախագահին»,-ասաց Գևորգ Դանիելյանը:


Գնահատելով արդյունքները՝ բանախոսը նշեց, որ ընդհանուր առմամբ քննարկումներն արդյունավետ էին, սակայն վերապահումներով, քանի որ այն սպասումները, որ եղել են հատկապես քաղաքական քննարկումների կտրվածքով՝ բավարար չափով չեն արդարացել:


«Հուսանք, որ շուտով քաղաքական քննարկումներ կլինեն, ինձ այսպես ասելու հիմք է տալիս այն, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնություն է ցուցաբերել քննարկումներ իրականացնել»,-ասաց Գևորգ Դանիելյանը:


Բանախոսն ասաց, թե հաճախ ասում են, որ բարեփոխումներ իրականացնելու համար հարմար ժամանակ չէ, թե այս գործընթացը բացարձակապես չի խոչընդոտում որևէ սոցիալական հարցի. «Հակառակը, եթե լինեն այդպիսիք, գուցե և տրվեն դրանց լուծումները, ինչո՞ւ չէ»։


Գևորգ Դանիելյանն ասաց նաև, թե հանրային քննարկումների ընթացքում ասում են, թե սա իշխանության վերարտադրման համար է:


«Եթե կա մի քաղաքական ուժ, որը վստահ է, որ կհասնի հաջողության, եթե փոխվեն կանոնները, ապա սա հենց այն նախագիծն է, որն իրենց անհրաժեշտ է: Այս ընթացքում կա այս վերանայումների, վերադասավորումների խնդիրը, որովհետև սա հնարավորություն է տալիս քաղաքական զարգացման գնալու»,-նշեց Գևորգ Դանիելյանը: