Նկարվեք, նոր իջեք. Մասիս-Երևան ավտոբուսներում հաշվարկի նոր կարգը ուղևորներին հունից հանում է

22:34 • 09.09.14

Երևան-Մասիս-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսներում ուղևորներին հաշվելու նոր կարգը, որը ներմուծվել է նոր ավտոբուսները շահագործման հանձնելուց որոշ ժամանակ անց, հունից հանում է բազմաթիվ ուղևորների: Ավտոբուսի սկզբնամասում տեղադրվել է տեսախցիկ. վարորդներն ուղևորներին իջեցնելիս չեն բացում ավտոբուսի հետնամասի դուռը և պահանջում են, որ որքան էլ բազմամարդ լինի ավտոբուսը, ուղևորը մի ծայրից հասնի մյուսը և նկարահանվելուց հետո միայն իջնի մեքենայից:


«Ես նյարդայնանում եմ, որ միայն առջևի դուռն են բացում իջնելու համար, իսկ ավտոբուսը գրեթե միշտ լիքն է լինում, վերջերս սկսել են ուշ-ուշ շարժվել` անկախ շաբաթ-կիրակի օրերից»,-Tert.am-ին բողոքեց ավտոբուսներից ամեն օր օգտվող քաղաքացի Անի Գաբրիելյանը:


Վերջինս նաև պատմեց, որ գրեթե ամեն օր ականատես է լինում դեպքերի, թե ինչպես են մարդիկ նյարդայնանում, երբ պահանջում են վարորդից՝ բացել դուռը: «Աղջիկը երեխայի հետ խնդրել է դուռը բացել՝ ասելով, որ այդքան մարդու միջով չի կարող անցկացնել երեխային, սակայն միայն երեխայի հոր հետ լեզվակռվից հետո է վարորդը բացել դուռը»,-ասաց նա և ավելացրեց, որ երբ ինքը բազմիցս հարցրել է, թե ինչու չեն բացում դուռը, վարորդները պատճառաբանել են, թե չի կարելի, ղեկավարությունն է այդպես որոշել:


Այս խնդիրը Մասիսի ավտոբուսներում հաճախ նաև կատակերգության է վերածվում: Ուղևորները կատակում են, թե «հոպար ջան, բացի դուռը, իջնենք, կգանք, անպայման ձեռքով կանենք կամերային, նոր կգնանք» կամ՝ «ես ձեռքով փակեմ էս կամերան, դու արխային դուռը բացի, թող ժողովուրդն իջնի» և նմանատիպ այլ ակնարկներ:


Երևան-Մասիս-Երևան երթուղին շահագործող «Լիգա» ՍՊԸ-ի փոխտնօրեն Միշա Հարությունյանը, սակայն, վստահեցնում է, որ այդ տեսախցիկներն ուղևորների հետ կապ չունեն: «Ոչ մի կապ չունի՝ կամերան նկարում ա, թե չի նկարում: Եթե տեղ չկա իջնելու, իսկ ուղևորը հետևում է կանգնած, վարորդը պիտի բացի վերջին դուռը, որպեսզի ուղևորն իջնի»,-ասաց նա:


Իսկ դիտարկմանը, թե բոլոր վարորդներն էլ պատճառաբանում են, որ իրենց այդպես են հրահանգել, որպեսզի որևէ ուղևոր հաշվարկից դուրս չմնա, փոխտնօրենը պատասխանեց. «Ուրեմն ես կզգուշացնեմ նրանց, եթե չեն ենթարկվում: Ավտոյի համարն ասեք, ես այդ վարորդին պատժեմ, որ մյուսներն էլ հասկանան: Մի անգամ վարորդը ծխել է մեքենայի մեջ ես նկատողություն եմ տվել»:


Երբ շեշտեցինք, որ բոլոր վարորդները նույն պատճառաբանությունն են ներկայացնում, Միշա Հարությունյանը շարունակեց. «Կամերան դրված է անվտանգությունն ապահովելու համար, դրա հետ կապ չունի: Դրանցով հետևում ենք, թե որ մեքենան որ ժամին որտեղ ա, ինչ արագությամբ է գնում, այլ ոչ թե ուղևորին հաշվելու համար»:


Ուղևորների հետ այդ թեմայով մշտական բախումների մասին էլ ասաց. «Ես վարորդներին ասել եմ, որ չպատասխանեն ուղևորներին: Ուղևոր է, կարող ա լցված լինի ավտոբուսը, մի բան էլ ասի»:


Իսկ փաստը, որ հատկապես օրվա «պիկ» ժամերին ավտոբուսներում ոտք դնելու տեղ անգամ չի լինում, փոխտնօրենը չհերքեց և ոչ էլ պարզաբանեց, թե որն է խնդիրը: Միայն խոստացավ. «Մենք կվերանայենք չվացուցակը, եթե պետք լինի, կփոխենք»:


Հիշեցնենք, որ ձմռանը, երբ դեռ շահագործվում էին նախկին՝ ավելի փոքր չափի ավտոբուսները, երթուղու ուղևորները Tert.am-ին բողոքել էին, որ ամեն օր ստիպված են լինում երթևեկել չջեռուցվող և սառցակալած պատուհաններով ավտոբուսներով:


Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի, երբ այդ ավտոբուսները Չինաստանից նոր էին բերվել, մի քանի ամիս երթուղին շահագործողները ամեն անգամ ճանապարհի կեսից՝ քաղաքի գերեզմանների մոտ, կանգնեցնում էին և հատ-հատ հաշվում ուղևորներին: Tert.am-ն այդ խնդրին նույնպես անդրադարձել էր, ինչի արդյունքում հաջորդ իսկ օրը դադարեցրին հաշվելու գործընթացը, սակայն վարորդներից մեկին ազատեցին աշխատանքից՝ ենթադրելով, որ հենց նա է բողոքել լրագրողին: