Ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է. փոխըմբռնման հուշագիր՝ ՊՆ, ԿԳՆ և ԵԿՄ միջև
ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև այսօր պաշտպանության նախարարությունում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ նախարարներ Սեյրան Օհանյանի, Արմեն Աշոտյանի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ:
Ներկայացնելով նպատակները՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք այս անգամ հավաքվել ենք չափազանց կարևոր առաքելությամբ, մեզ համար հասկանալի է, որ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ անչափ կարևոր է, որ կարողանանք մեր երիտասարդ սերնդի դաստիարակությունը պատշաճ կազմակերպել: Հայ ժողովրդի դաստիարակության մաս է կազմում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը պետք է սկսվի դպրոցներից՝ մեր բոլորի մասնակցությամբ: Կարծում եմ` նորագույն պատմության մեջ կարևոր է Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման մասին հայրենասիրական այն դրսևորումները, որոնք կան մեր մեջ, հաղորդել մատաղ սերնդին»:
Նախարարը նաև նկատեց, որ վերջին տարիների ընթացքում իրենք բավականին հիմք են ստեղծել, որպեսզի այսօր երեխաները, դպրոցականները համակարգված ձևով մտնեն ընդհանուր դաստիարակչական համակարգի մեջ, որպեսզի ռազմահայրենասիրական դաստիարակության հատկանիշները պատշաճ ձևով փոխանցվեն նրանց:
«Մեր ռազմական դոկտրինայի մեջ ռազմահայրենասիրական դաստիրակության բացակայությունը սպառնալիք է: Եթե գաղափարի շուրջ համախմբված են բոլորը` հատկապես երիտասարդները՝ մեր հայրենիքի պաշտպանության գործում, ապա այն չի կարող պատշաճ չիրականացվել»,-ասաց նա՝ նշելով, որ այս տարիների կատարած աշխատանքը, ինչպես նաև Երկրապահ կամավորական միության կողմից աշխատանքները բազմազան են այնքան, որ յուրաքանչյուրի ստեղծագործական միտքը կարող են ապահովել:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ հատկապես ԵԿՄ-ի կողմից երիտասարդ, պատանի երկրապահների ակումբների ստեղծմամբ բավականին լուրջ մակարդակ է դրված. «Մենք վերջին ժամանակահատվածում ՀՀ Նախագահի ցուցմամբ` մեր երեքի և լրագրողների հետ քննարկման արդյունքում ձևավորեցինք մի կարևոր փաստաթուղթ և այսօր այն, ներդնելով մեր կրթական համակարգում, կարծում եմ` ավելի լուրջ ձեռքբերումների կհասնենք»:
Իր հերթին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց կրթական համակարգում ռազմահայրենասիրական դաստիրակության խնդիրների արդիականացման, վերանայման, ավելի համակարգված գործողությունների անհրաժեշտությունը:
«Գաղտնիք չէ, որ պաշտպանության նախարարության հետ ամենամյա ռազմավարական ծրագրեր ենք իրականցրել այս ընթացքում` ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիրակությանը: Դրա հետ զուգահեռ մեծ փորձ է կուտակել ԵԿՄ-ն և այս ամենը մեկտեղելու, համակարգելու գործընթացի հերթական հանգրվանն է սա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հուշագրի կնքումով իրենք սկսում են գործընթաց, որն ավելի հանրային ներգրավման ու ընկալման կարիք ունի:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից, 2014-ի բյուջեից հատկացումներն արվել են, 2015-ի համար էլ հատկացվելու է:










