Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ուկրաինայում խաղաղություն հաստատվի. Մերկել

11:42 • 09.09.14

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե կողմերը հետևեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման պլանին և Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Մենք ցանկանում ենք տեսնել իրական գործողություններ։ Դա նշանակում է, որ միայն խաղաղ պլանը բավարար չէ։ Եթե դրան հետևեն, ապա հնարավոր կլինի խոսել պատժամիջոցները չեղարկելու մասին։ Սակայն նախ մենք կցանկանայինք հասկանալ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքում, և հույս ունեմ, շուտով կավարտվի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում է և Ռուսաստանի, այսպես կոչված, անջատողականների հետ համագործակցություն, որը մենք չենք հանդուրժում։ Դեպի երկխոսություն ուղին շարունակում է բաց մնալ։ Մենք կշարունակենք հետագայում նույնպես վարել այդ բանակցությունները, սակայն նախ պետք է կատարել խաղաղ պլանի 12 կետերը»,- ասել է Մերկելը։

 

Կանցլերը նշել է նաև, որ Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցները միակ հնարավոր տարբերակն են Ուկրաինայի հանդեպ ՌԴ գործողություններին արձագանքելու համար, քանի որ հենց սկզբից պարզ էր, որ այս ակամարտությունը ռազմական լուծում չունի։