Ադրբեջանը ԼՂ-ի հարցում 2 նպատակ ունի՝ բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ-ից և հարցին հանգրվանային լուծում տալ.Կ Մանոյան
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գտնում է, որ Ադրբեջանը ԼՂՀ հակամարտության հարցում երկու նպատակ ունի: «Առաջինը՝ բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ շրջանակներից, որովհետև եթե Մինսկի խումբը ուղղակի բանակցությունների վրա թեկուզ դրական տեղաշարժ չի ապահովել, սակայն մի բան ապահովել է, այն է` որ միջնորդ պետությունները հասկացել են, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելով»,- մամուլի ասուլիսին ասաց Կիրո Մանոյանը:
Ադրբեջանի երկրորդ նպատակը, ըստ Կիրո Մնոյանի, հարցը լուծել ոչ թե փաթեթային համաձայնությամբ, այլ հանգրվանային լուծմամբ: Սակայն բանախոսը գտնում է, որ չկա ոչ մի համաձայնություն, եթե բոլոր կետերի շուրջ չկա համաձայնություն:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Կիրո Մանոյանն ասաց, որ վերջին հանդիպումը ԱՄՆ-ի շահագրգռվածության արդյունք էր: Սակայն նա գտնում է, որ բանակցությունները առաջ չեն շարժվում, քանի որ Ադրբեջանն իր պահվածքը չի փոխում: «Միջնորդ երկրները ամեն ինչ փորձում են անել, որ պատերազմի հավանականությունը նվազեցվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությանը պաշտպանելու վերաբերյալ հայտարարությանը, Կիրո Մանոյանն ասաց. «Հայաստանի նախագահը ոչինչ չի ստորագրել, անդամ պետություններն են ստորագրել, և Հայաստանը չէր էլ կարող անդամ երկրների պետությունների հայտարարության տակ ստորագրել, որովհետև անդամ երկիր չէ»:
Նա նշեց, թե նոր չէ, որ ՆԱՏՕ-ն խոսում է նախկին Խորհրդային Միության մի շարք երկրների տարածքային ամբողջականության մասին: Նա նկատեց, որ նույն հայտարարությամբ կոչ է արվում, որ Կովկասում առկա հակամարտությունները կարգավորվեն այն սկզբունքների հիման վրա, որոնք նախանշված են: Ըստ նրա՝ այդ հայտարարությունը ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանության հանձնառություն էր և ոչ թե այն մասին է, և որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն այդ սկզբունքի հիման վրա:
«Անշուշտ լավ կլիներ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը ևս նշվեր, սակայն մյուս հակամարտությունների համար ազգերի ինքնորոշման սկզբունքը ճշտված չէ»,- հավելեց Կիրո Մանոյանը:










