Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը այդ երկրում առկա մթնոլորտի արդյունք է.Կ. Մանոյան
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ողջունելի է համարում Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Նա մամուլի ասուլիսում նշեց, որ պետք է հետևել առաջիկա ամիսներին Եվրոպական դատարանի իրադարձություններին, քանի որ հնարավոր է Եվրոպական դատարանը խոսքի ազատությունը կաշկանդող օրենք այն համարի:
Tert.am-ի հարցին, թե դա մեր կատարած աշխատանքի արդյունքն է, թե Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների, Կիրո Մանոյանն ասաց, որ օրինագծի ընդունումը եղել է Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունների սերտացման ֆոնի վրա: «Հունաստանի այս իշխանությունները ադրբեջանական քաղաքականություն են փորձում վարել՝ հաշվի առնելով այնտեղի ներդրումները: Այս օրենքն իրենց երկրում առկա մթնոլորտի արդյունք է, և այդ օրենքը չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը»,- ասաց նա և նշեց, Հունաստանի հասարակությունը, հայ համայնքը շատ էր ցանկանում, որ օրինագիծն ընդունվի:
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է Թուրքիան վատթարացնի Հունաստանի հետ հարաբերություններն այս օրինագծի պատճառով, բանախոսն ասաց, որ չի կարծում, քանի որ Հունաստանի հետ հարաբերությունների սերտացումը նաև Թուրքիայի շահերից է բխում:










