Lufthansa-ն չեղյալ է համարել մոտ 140 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
Գերմանական խոշոր Lufthansa ավիաընկերությունն օդաչուների գործադուլի պատճառով չեղյալ է հայտարարել մոտ 140 չվերթ, որոնք նախատեսվում էին չորեքշաբթի օրը Մյունխենի միջազգային օդանավակայանից, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ավիափոխադրողի ներկայացուցչին:
Ավելի վաղ խոսքը մոտ 110 չեղյալ հայտարարված թռիչքի մասին էր:
Գործադուլը տեղի է ունենալու Մյունխենի օդանավակայանում, որը Գերմանիայում երկրորդն է սպասարկվող ուղևորների թվով: Օդաչուները պահանջում են սակագնային համաձայնագրերում փոփոխություններ:
Մյունխենի օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, նշել է Lufthansa-ի ներկայացուցիչը:
Ուղևորները փոփոխությունների մասին տեղեկացվել են sms-ների և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Նրանց առաջարկվում է անվճար ընտրել այլ չվերթներ կամ հրաժարվել ամրագրումից՝ հետ ստանալով գումարը: Գերմանիայի ներքին թռիչքների ուղևորները կարող են փոխարինել տոմսը երկաթգծային տոմսով և նպատակակետ հասնել գնացքով:










