Պորոշենկոն ստորագրել է պատժամիջոցների մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի ստորագրել է «Պատժամիջոցների մասին» օրենքը, գրում է Интерфакс-Украина-ն:
Համապատասխան տեղեկությունը տեղադրվել է Գերագույն ռադայի կայքում: Փաստաթղթի տեքստն ուկրաինական խորհրդարանի կայքում բացակայում է:
Համաձայն օրինագծի տեքստի՝ կոնկրետ արտասահմանցիների, օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները հաստատվելու են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմամբ և սահմանվելու են նախագահի հրամանով:
Այն դեպքում, եթե պատժամիջոցները սահմանվում են օտարերկրյա պետության կամ որոշակի գործունեության տեսակի անսահմանափակ անձանց շրջանակի նկատմամբ (ոլորտային պատժամիջոցներ), ապա Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումից և նախագահի հրամանից հետո դրանք ուժի մեջ են մտնում Գերագույն ռադայի կողմից հաստատվելուց անմիջապես հետո, ինչի համար հատկացվում է 48 ժամ:
Օրենքի քննարկման ընթացքում օգոստոսի 14-ին դրանում մի քանի ուղղումներ են արվել, սակայն ընդունված փաստաթղթի տեքստն այդպես էլ չի հրապարակվել:
Ria.ru-ն հաղորդում է նաև, որ Պորոշենկոն խոստացել է հաջորդ շաբաթ խորհրդարան մտցնել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կարգավիճակի մասին օրինագիծ:










