Ռուսաստանում փոխքաղաքապետը պարտքերի պատճառով զրկվել է iPhone-ից
Ռուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաքի փոխքաղաքապետ Պյոտր Եֆրեմովը զրկվել է իր iPhone հեռախոսից՝ պարտքերի պատճառով, հայտնում է «Газета.Ru»-ն:
Դատարանի կատարածուները բռնագրավել են iPhone-ը, քանի որ «Եֆրեմովը հարկերի գծով 12.628 ռուբլի պարտք ունի», ինչի առիթով օգոստոսին վարույթ էր հարուցվել: Նա պետք է ներկայանա և պարտքը մարի մինչև սեպտեմբերի 11-ը: Այլապես հեռախոսը կվաճառվի:
Դատարանի ներկայացուցիչը կանգնեցրել է Եֆրեմովի մեքենան և վարորդին խնդրել նստել հատուկ մեքենան՝ տվյալների ճշտման համար: Զարմացած պաշտոնյան արձագանքել է՝ «Դու գիտե՞ս՝ ես ով եմ» արտահայտությամբ:
Իրավապահներն արձանագրել են, որ Ռուսաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը:










