Թեհրանում կինը կալանավորվել է՝ վոլեյբոլի խաղ դիտելու համար մարզադաշտ մտնելու պատճառով. Independent
Թեհրանում վոլեյբոլի խաղ դիտելու փորձի համար հունիսի 20-ին ձերբակալված Ղոնչե Ղավամիի կալանքը երկարաձգվել է 2 ամսով:
Հունիսին 25-ամյա աղջիկը ձերբակալվել էր ավելի քան մեկ տասնյակ կանանց հետ, երբ փորձել էր մարզադաշտ մտնել՝ Իրան-Իտալիա վոլեյբոլի տղամարդկանց հավաքականների հանդիպումը դիտելու, գրում է independent.co.uk-ը:
Վերջերս նրան ազատ էին արձակել, սակայն օրեր անց նորից ձերբակալել են և տեղափոխել Թեհրանի տխրահռչակ Էվին բանտ, որտեղ պահվում են քաղբանտարկյալներն ու լրագրողները:
Ղավամին ունի Իրանի և Բրիտանիայի քաղաքացիություն, նա Լոնդոնում սովորած խոստումնալից փաստաբան է:
Facebook-ում արշավ է սկսվել նրան ազատ արձակելու կոչով, որը հավաքել է գրեթե 9.000 like, իսկ վոլեյբոլի այլ խաղերի անցկացման ժամանակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում:
«Ներկայիս պայմաններում մարզադաշտերում տղամարդկանց և կանանց խառնվելը չի բխում հասարակության շահերից»,- ասել է Իրանի ոստիկանության ղեկավար Էսմայիլ Ահմադի Մողադամը:
«Որպես օրենքի պահապան՝ մենք չենք կարող թույլ տալ կանանց մարզադաշտեր մտնել»,- ասել է նա:










