Երկկողմ և քառակողմ հանդիպումները ոչնչով իրար չեն խանգարում. Լևոն Զուրաբյան

14:41 • 10.09.14

Մենք նույն օրը ունեցանք և՛ երկկողմ հանդիպում, և՛ քառակողմ հանդիպում, դրանք ոչնչով իրար խանգարող հանդիպումներ չեն. Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչու էին քառյակի գործընկերներից միայն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդները հանդիպել՝ ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։


Ըստ նրա՝ քառակողմ հանդիպումներն իրենց հունով են գնում, երկկողմն հանդիպումները՝ իրենց ֆորմատն ունեն։ «Ես չեմ հասկանում մամուլի անհանգստությունը, շահարկումները՝ կապված նրա հետ, որ եթե ԲՀԿ-ն, օրինակ, հանդիպում է Դաշնակցության հետ և քննարկում է հարցեր, դա միանգամից ազդարարվում է որպես քառյակի վերջ։ Կամ եթե նույն բանն անում են Կոնգրեսն ու ԲՀԿ-ն, նույնպես կատարվում է նման հռչակում։ Ես սրա հետևում տեսնում եմ ինչ-որ մի անհանգստություն իշխանության կողմից՝ ամեն մի հանգամանք մեկնաբանել որպես քառյակի փլուզում։ Նման բան գոյություն չունի, ինչքան ուզում են փայփայեն։ Ավելին ասեմ՝ ինչքան ավելի շատ են խոսում քառյակի քայքայման մասին, այնքան ես հասկանում եմ, թե ինչքան են անհանգստացած իշխանությունները և ինչքան են երազում այդ քայքայման մասին»,-եզրափակեց նա։