Խորհրդարանականները մտահոգված են հայոց արքաների՝ Հայաստանում գտնվող միակ դամբարանի ճակատագրով
Արագածոտնի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված «Բարգավաճ Հայաստան կուսակցության» պատգամավոր Արագած Ախոյանի ՝ Ձորափ գյուղի կամ պատմական Աղձքի տարածքում 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու և պեղավայրի անմխիթար վիճակի մասին հայտարարությունները մտահոգել են ԱԺ որոշ պատգամավորների, որոնք աշխուժորեն քննարկում էին, թե ինչ կարող են անել պեղավայրը փրկելու և տարածքը մշակութային, զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար: Պատգամավորները, որոնց թվում էին նաև Սամվել Ֆարմանյանը, Տաճատ Վարդապետյանը և այլք, քննարկում էին առաջիկայում տարածք այցելու ու կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Համաձայն էլեկտրոնային հանրագիտարանի՝ Աղձք գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում 2002-ին ներառվել է 14 հուշարձան: Այդ թվում 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանը (այս մասին հիշատակվում է նաև Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում, երբ Շապուհի հրամանով պարսիկները գերեվարում են հայոց թագավորների ոսկորները՝ հայկական պետականությունը թուլացնելու համար, սակայն հայերին հաջողվում է նորից տիրանալ այդ ոսկորներին, ու դրանք վերաթաղել Աղձքում), 6-7-րդ դարի եկեղեցի, մ. թ. ա-2-1 հազարամյակի դամբարան ու գերեզմանոց և այլն:
Tert.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը մշակութային այս բացառիկ կառույցների հետ կապված իրավիճակը ներկայացրեց այսպես. «Պարբերաբար կատարել են պեղումներ, բայց դրանք կիսատ են մնացել. սկզբում թագավորների՝ Արշակունիների դամբարանը, որը մեր ազգի թագավորների միակ դամբարանն է Հայաստանում, այն գտնվում է անմխիթար վիճակում: Այսինքն՝ դամբարանները կիսատ են պեղած, ամոթ էլ է ասել՝ ոսկորները շների բաժին են դառնում: Բացի այդ, դրանք ջարդվել են, քարե դագաղները ցիրուցան են եղել: Եվ մենք պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկենք, որ, նախ՝ ավարտին հասցնենք պեղումները, երկրորդը՝ արժևորենք այդ կոթողները, որ նրանք դառնան ոչ միայն տուրիզմի համար գրավիչ, այլ մեր մատաղ սերնդի համար ռազմահայրենասիրական դաստիարակության , կարելի է ասել՝ ստրատեգիական նշանակություն ունեցող սրբավայր: Տեսե՛ք, 16-17 դար առաջ պարսիկները ցանկացել են այդ ոսկորներին տիրանալ՝ մեր պետականությունը թուլացնելու համար, բայց այսօր մենք անուշադրության ենք մատնում»,- ասաց Արագած Ախոյանը:
Արագած Ախոյանը, որ հաճախ է լինում Արևմտյան Հայաստանում, նկատեց, որ հուշարձանը նույնքան անմխիթար վիճակում է, որքան Արևմտյան Հայաստանով մեկ սփռված մեր հուշարձանները:
Արագած Ախոյանն ընդգծեց ՀՀ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի, իսկ նրանից առաջ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի վերաբերմունքը սրբավայրի նկատմամբ:
«Նա անգամ ասում էր, որ բոլոր պաշտոնյաներն իրենց երդման արարողությունը պիտի կատարեն ա՛յս դամբարանում, ա՛յս շիրիմների վրա, որովհետև դրանք իսկապես հայկական պետականության խորհրդանիշներ են»,- վերհիշեց պատգամավորը:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր մասնագիտական կարծիքը հուշարձանի վերաբերյալ, ասաց, որ այն ազգային ինքնության տեսանկյունից խիստ կարևոր է:
«Սա հայոց Արշակունյաց արքաների՝ մի քանի արքաների գերեզմանոց է, որի նմանը չունենք ոչ մի տեղ: Այս առումով ինքը բացառիկ է, այսինքն՝ եթե Էջմիածինը մեր հոգևոր-մշակութային արժեքային համակարգում առաջինն է, ապա Արշակունյաց թագավորների գերեզմանը առաջին պետք է համարենք աշխարհիկ իմաստով: Եվ, առհասարակ, հայոց պատմության ամենաերևելի հիշողություններից մեկը»,- ասաց հնագետը:
Նշենք, որ Մշակույթի նախարարությունից, ի պատասխան Tert.am -ին հարցի, թե ինչ պատճառով են պեղումները կիսատ մնացել, նշեցին, որ Աղձքում բոլոր պեղումներն իրականացրած հնագետ Հակոբ Սիմոնյանն արտերկրում է՝ մասնակցում է միջազգային գիտաժողովի, և առաջարկեցին ծրագրերի հետ կապված բոլոր հարցերն ուղղել արշավախմբի ղեկավարին:










