Մարսագնացը հասել է նշանակետին (տեսանյութ)

09:25 • 12.09.14

Curiosity մարսագնացը հասել է Էոլիդա լեռանը, որը «Կարմիր մոլորակում» սարքի առաքելության գլխավոր նպատակն է, գրված է ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում:

 

Մարսագնացն այժմ պատրաստվում է հորատման աշխատանքների, գրում է lenta.ru-ն:

 

Curiosity-ն «մի նոր գլուխ է բացել» «Կարմիր մոլորակի» ուսումնասիրություններում: Մարսագնացը սկսելու է ուսումնասիրությունները լեռան ստորոտից, որտեղից վերցնելու է հողի նմուշներ: Առաքելության կատարումը սկսվելու է արդեն հաջորդ շաբաթ:

 

Էոլիդա լեռը մեծ հետաքրքրություն է առաջացնում գիտնականների շրջանում` հողային նոր տեսակների ուսումնասիրման առումով, որոնք կօգնեն պատկերացում կազմել Մարսի երկրաբանական կառուցվածքի մասին:

 

Մարսագնացը վայրէջք էր կատարել «Կարմիր մոլորակում» 2012-ի օգոստոսին, և այդ ժամանակից ի վեր զբաղվում է Մարսի ճառագայթման դաշտի, մթնոլորտի, ժայռերի և կլիմայի ուսումնասիրությամբ: Նրա գլխավոր նպատակն այն է, որ գիտնականները կարողանան գտնել կյանքի համար բարենպաստ պայմանների ապացույցներ:

Մարսագնացը հասել է նշանակետին (տեսանյութ)