Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հանվել է Ստամբուլի կինոշաբաթի ֆիլմացանկից
Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղապանության մասին պատմող The Cut ֆիլմը, որի ցուցադրությունը Թուրքիայում նախատեսված էր աշնանը և առաջին անգամ ցուցադրվելու էր Ստամբուլի Filmekimi կինոշաբաթվա շրջանակում, հանվել է ֆիլմացանկից:
Ինչպես տեղեկացնում է թուրքական T24 կայքը, ֆիլմի՝ Թուրքիայում ցուցադրման կազմակերպիչ Anka film ընկերությունը նշել է, թե ֆիլմացանկից հանելու պատճառն այն է, որ Թուրքիայում ժապավենի ցուցադրությունը հետաձգվել է մինչև դեկտեմբեր:
Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Մարդինում ընտանիքին կորցրած հայի մասին է:
Ֆիլմն օգոստոսի 31-ին ցուցադրվել էր Վենետիկի կինոփառատոնի շրջանակում, ինչից հետո հայտարարվել էր, որ 2014 թ.-ի սեպտեմբերի 11-17-ին այն ներկայացվելու է Ստամբուլի Filmekimi կինոշաբաթվա շրջանակում:
«Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամը» (İKSV) նշում է, որ ֆիլմացանկից դուրս մնալը քաղաքական դրդապատճառներ չունի, և պատճառն արտասահմանում ֆիլմը ներկայացնող ընկերությունների կողմից մշակված ցուցադրությունների ռազմավարությունն է:
Anka Film-ից տեղեկացրել են, որ ցուցադրության կասեցման պատճառն այն է, որ Թուրքիայում այն մեծ էկրան է բարձրանալու դեկտեմբերին, և առաջին ցուցադրությունից հետո շուրջ երկամսյա դադարը ճիշտ չի լինի:










