Շառլ Ազնավուրն առաջիկայում պատրաստվում է հանդիպել թուրք դեսպանի հետ

13:48 • 13.09.14

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով շաբաթ ելույթ պետք է ունենա Լոս Անջելեսի Greek Theater համերգասրահում, հարցազրույց է տվել The Hollywood Reporter-ին, որի ընթացքում պատասխանել է որպես դեսպան իր դերի վերաբերյալ հարցին:

 

Հիշեցնենք, որ երգիչ-երգահանը 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է:

 

«Ես կարող եմ ակտիվ լինել դիվանագիտության մեջ, օրինակ՝ մենք 12.000 մարդ ենք Սիրիայից բերել Հայաստան: Մենք պետք է նրանց դուրս հանենք երկրից, որովհետև նրանք կսպանվեն քրիստոնյա լինելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը միայն հայերի մասին չէ, այլև եզդիների և քրդերի:

 

«Ես ինքնուրույն եմ աշխատում և հետո նոր եմ ասում մարդկանց, թե ինչ եմ արել: Ես չեմ հարցնում նախագահին՝ ինչ պետք է անեմ: Մտածում եմ՝ դա չափազանց բարդ կլիներ: Օրինակ՝ առաջիկայում հանդիպում ունեմ Թուրքիայի դեսպանի հետ (հավանաբար՝ Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանի- Tert.am): Ես չեմ ցանկանում ասել այդ մասին գնալուց առաջ, որովհետև նրանք կասեն՝ «Մի՛ արա դա», «Մի՛ գնա այնտեղ», իսկ ես ուզում եմ ազատ մարդ լինել: Խնդիրներ կան ոչ միայն թուրքերի հետ, որոնք չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ նաև որոշ հայերի հետ, որոնք չեն ուզում, որ ես բարեկամական լինեմ թուրքերի հետ: Ես ոչ մի բան չունեմ նրանց դեմ, որովհետև նրանք չեն արել ցեղասպանությունը, դա արել են նրանց պապերը»,- հայտարարել է Ազնավուրը:

 

Շանսոնյեն հավելել է նաև, որ շուտով կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սակայն թուրքերը դեռ չեն ճանաչում այդ փաստը, և ինքը, եթե ինչ-որ ձևով կարողանա օգնել այդ հարցում, կանի դա: «Ես հուսով եմ, որ կարող եմ օգնել, որպեսզի այս երկու երկրների միջև մի բան տեղի ունենա»,- ասել է նա:

 

Ազնավուրը նաև խոսել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամի մասին՝ նշելով, որ մարդասիրական աշխատանքի համար նա ամեն ինչ ինքնուրույն է անում, բարեգործական համերգներ է ունենում, որոնց ընթացքում հազարավոր տոմսեր են վաճառվում, և գումար է գոյանում:

 

«Ես նվիրատվություն չեմ խնդրում որևէ մեկից:  Դա բխում է իմ սրտից: Ես ամեն տարի այցելում եմ Հայաստան՝ պարզելու, թե ինչի կարիք կա, անհետաձգելի կարիք: Մենք կառուցել և վերանորոգել ենք 47 դպրոց և 3 վիրաբուժության կենտրոն»,- ասել է նա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Շառլ Ազնավուրն առաջիկայում պատրաստվում է հանդիպել թուրք դեսպանի հետ