«Խաչվող հետքեր». նոր բազմասերիանոց քրեական դրամա, որտեղ անդրադարձ կա Արցախյան հերոսամարտին (տեսանյութ)

17:24 • 13.09.14

ATV-ի եթերով սեպտեմբերի 15-ից կհեռարձակվի «Խաչվող հետքեր»՝ 65 սերիանոց քրեական դրաման, որի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, նախագծի պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։ Սերիալը նկարահանվել է արխիվային հիմքերի վրա և փոքրիկ անդրադարձ կա Արցախյան պատերազմին։ Այս մասին այսօր հայտնեց նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանը, ով կարևորեց նաև ֆիլմի էսթետիկ պատկերը։ Նա նշեց, որ սերիալն իր ձևաչափով տարբերվում է նրանով, որ 65 սերիա է, ինչը ո՛չ կարճ է, ո՛չ էլ՝ երկար։ «Ընտրել ենք ոսկե միջինը, սակայն ամեն ինչ բխել է սցենարից, արհեստական ոչինչ չի եղել»,-ասաց նա։ 

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, ով թեև ֆիլմում չի խաղում, սակայն դիտել է առաջին սերիան, նշեց, որ նկարահանվել է հետաքրքիր մի պատմություն, որտեղ կա ժպիտ, հումոր, դինամիկա։ 

«Սա այն դեպքն է, երբ կարծում եմ՝ սկիզբը կհամապատասխանի ընթացքին և ավարտին, ինչը քիչ հանդիպող երևույթ է»,-ասաց նա և նկատեց, որ հրաշալի դերասանական խաղ կա։ 

«Ինձ շատ դուր եկավ Սամվել Սարգսյանի, Ստեփան Ղամբարյանի, Սամվել Փիլոյանի խաղը, Սոֆի Դևոյանն իր ուրույն էլեգանտ տեսակի վիճակի մեջ։ Հրաշալի դերասաններ են խաղում»-ասաց նա։ 

Սերիալի գլխավոր դերերից մեկում խաղացող դերասան Ստեփան Ղամբարյանը մեծ ձեռքբերում համարեց ֆիլմը՝ ոչ միայն անձնակազմի համար, այլ նաև հեռուստադիտողի։ «Այն աշխատանքը, որ մենք տարանք, երկար ու շատ դժվար էր, սակայն դրա արդյունքն այսօր տեսանք։ Այս սերիալը տարբերվում է իր դինամիկայով, դերասաններով, լավ ռեժիսորով, օպերատորով և ամեն ինչով»,-ասաց նա։ 

Դերասան Արտաշես Ալեքսանյանն իր հերթին շնորհավորեց հանդիսատեսին և նկարահանող խմբին։ «Արցախյան ազատամարտը հայի հիշողությունից երբեք չի վերանա և ևս մեկ անգամ դրան անդրադառնալը ցույց է տալիս ամբողջ նկարահանող խմբի հայրենասիրությունը, ձգտումը դեպի բարձունքներ»,-ասաց նա։ 

Դերասանը կարևորեց նաև օպերատորի աշխատանքը և նշեց, որ հանդիսատեսը էսթետիկական մեծ հաճույք կստանա։ «Դուք կտեսնեք հեռուստարտադրության աճը և կհամեմատեք անցած տարիների նկարահանած ֆիլմերը՝ մեր ժամանակաշրջանի ֆիլմերի հետ»,-ասաց նա։ 

Ֆիլմում նկարահանված դերասանուհի Էվա Խաչատրյանն ասաց, թե ինչու կարելի է նայել հենց այս սերիալը. «Սեր է հորդում, այսինքն՝ սիրով է ստեղծվել, եղել են մասնագետներ, որ արել են իրենց գործը արդար, ճշմարիտ, և հաստատ այդ սերը հասնելու է հանդիսատեսին»։
 

«Խաչվող հետքեր». նոր բազմասերիանոց քրեական դրամա, որտեղ անդրադարձ կա Արցախյան հերոսամարտին (տեսանյութ)