Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը

10:00 • 14.09.14

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը, որը մեր եկեղեցու վերջին` 5-րդ տաղավար տոնն է: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից մեծագույնն է: Հայ Եկեղեցու ծիսակարգով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Ս. Պատարագ:

 

Ինչպես տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից՝ Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

 

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարություն տաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի:

 

628 թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, և բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով:

 

Խաչի խորհուրդը

 

Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել:

 

Խաչի քարոզությամբ էր, որ առաքյալները հաստատեցին քրիստոնեական Եկեղեցին, և Խաչի քարոզությամբ է մինչ այսօր Եկեղեցին կենդանի: Հիսուս Քրիստոս Գողգոթայի վրա խաչվեց` սկիզբ դնելով մեղավոր մարդկության փրկագործությանը: Մովսիսական օրենքի համաձայն` մարդը մեղքից մաքրվելու համար պետք է զոհ մատուցեր: Այդ իսկ խորհրդով Հիսուս Քրիստոս` որպես Աստծո Գառ, մարդկության փոխարեն զոհվեց Խաչի վրա` մեզ ազատագրելով մեղքի մահվան իշխանությունից: Այս առումով էլ փրկվածների համար Խաչն Աստծո զորությունը դարձավ:

 

Գողգոթայի Խաչով սկսված փրկագործությունը նույն խաչով էլ պիտի ավարտվի աշխարհի վերջում, երբ Տիրոջ նշանը` Խաչը, վերջին անգամ երևա, և տեսնեն Մարդու Որդուն, ով գալու է զորությամբ և բազում փառքով (Մատթ. 24:30): Սկսած առաքելական ժամանակաշրջանից` Քրիստոսի Խաչը` որպես հարգանքի և երկրպագության սրբազան առարկա, կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքում: Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները` Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու նշվում է միայն մեր Եկեղեցում:

 

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով` հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյամբ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն ստացավ: Քրիստոս, խաչի վրա մեռնելով, հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:

 

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացմամբ սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացմամբ մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:

 

Խաչվերացի խորհուրդը

 


«Խաչվերաց» բառը նշանակում է խաչի բարձրացում: Խաչվերացն ունի Քրիստոսի Եկեղեցու անպարտելիության խորհուրդը, Եկեղեցի, որին «դժոխքի դռները չպիտի հաղթահարեն»: Խաչը քրիստոնյաներիս շնորհված զենք է` սրբված Տիրոջ անապական արյամբ, մեր հույսն ու ապավենը: Այս խորհրդով էլ, երբ մենք խաչակնքվում ենք, զորանում ենք Քրիստոսով և նրա զորության կարողությամբ, որպեսզի, Աստծու սպառազինությամբ զինվելով, կարողանանք ընդդիմանալ սատանայի հնարքներին, «որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ այս խավարի իշխանությունների, պետությունների, աշխարհակալների և երկնքի տակ եղող չար ոգիների հետ»:

 

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

 

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

 

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 

 

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը