Գերմանիայում այսօր մեկնարկել է «Բաց հուշարձանների օր» միջոցառումը

13:07 • 14.09.14

Գերմանիայում այսօր անցկացվում է «Բաց հուշարձանների օր» («Tag der offenen Denkmals»)։ Մոտ 7.500 պետական պահպանության տակ գտնվող պատմական առանձնատներ, եկեղեցիներ, հին ամրոցներ, ալրաղացներ, ինչպես նաև նավեր այսօր իրենց դռները բացել են այցելուների համար։ Այս տարի տոնի թեման է՝ գույնը ճարտարապետությունում, գրում է Deutsche Welle-ն։


«Բաց հուշարձանների օրվա» մեկնարկն առաջին անգամ այս տարի տրվել է Համբուրգում։ Այս քաղաքի այցեքարտերն են կարմիր աղյուսից պատրաստված շինությունները, որոնք յուրահատուկ ձևով համադրվում են Էլբա գետի ափը զարդարող ճերմակ առանձնատների և եկեղեցիների պղնձե տանիքների հետ։


Մշակույթի հարցերով համբուրգցի սենատոր Բարբարա Կիսելերի խոսքով՝ միջոցառման կազմակերպիչների գլխավոր նպատակն է գրավել մարդկանց ուշադրությունը և, առաջին հերթին, երիտասարդության, երկրի պատմական և ճարտարապետական ժառանգության հանդեպ։


«Բաց հուշարձանների օրը» անցկացվում է Գերմանիայում 1993-ից՝ Հուշարձանների պահպանության գերմանական հիմնադրամի հովանու ներքո։ Սպասվում է, որ այս անգամ միջոցառումը կունենա ավելի քան 4 մլն հյուր։

 


 

Գերմանիայում այսօր մեկնարկել է «Բաց հուշարձանների օր» միջոցառումը