Մշակույթի նախարարությունն Արշակունիների դամբարանը պեղելու համար գումար չի հատկացրել
Աղձք գյուղում Արշակունիների դամբարանը պեղելու համար Հայաստանում գումարներ հատկացվել են 70-ականների սկզբներին, նաև՝ 2000 թվականին՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Աղձքում պեղումներ կատարած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը, ով նշեց, որ Հայաստանի պատմության ու մշակույթի առումով բացառիկ այդ հուշարձանի պեղումը կիսատ է մնացել ֆինանսավորման բացակայության պատճառով:
«Անդրանիկ Մարգարյանն էր այն ժամանակ վարչապետ, մի փոքր գումար տվեց, դրանով պեղումներ արեցինք, ծրագիր կար, իսկ որ հարցնում եք՝ մշակույթի նախարարությունը գումար տվե՞լ է, չէ´, չի տվել պեղումների համար, բարեկարգման, այլ բաների համար՝ այլ հարց է»:
Հիշեցնենք, որ մոտ 30 պատգամավոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայցելեն պատմական Աղձք, որտեղ տեղում կծանոթանան 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու և կիսատ մնացած պեղավայրի անմխիթար վիճակի հետ և տեղում՝ հնագետների առաջարկությամբ լուծումներ կգտնեն: Այս մասին Tert.am–ին հայտնել էր Արշակունիների դամբարանի հարցը բարձրաձայնած Արագած Ախոյանը:
Այս համալիրում ամենամեծ արժեքն են համարվում 4-րդ դարում կառուցված Աղձք ճարտարապետական համալիրը և Արշակունյաց թագավորների՝ 364թ. կառուցված դամբարանը, որի մասին հիշատակվում է նաև Մովսես Խորենացու «Պատմություն հայոց»-ում, երբ նշվում է, որ Շապուհի հրամանով պարսիկները գերեվարում են հայոց թագավորների ոսկորները՝ հայկական պետականությունը թուլացնելու համար, սակայն հայերին հաջողվում է նորից տիրանալ այդ ոսկորներին, ու դրանք վերաթաղել Աղձքում:
Հնագետը դեռևս չի հաշվարկել, թե որքան գումար է անհրաժեշտ հնավայրում պեղումներն ավարտին հասցնելու և տարածքը կառուցապատելու ու բարեկարգելու համար.«Դա շատ բարդ, համալիր նախագիծ է, իր մեջ ներառում է պեղումները, հուշարձանի բարեկարգումը, օգտագործումը և այլն, և այլն: Այսինքն՝ դա պետք է նորից վերանայվի այսօրվա գների սահմաններում, նոր ներկայացվի»:










