Երևանի փողոցների բեռնաթափման համար անհրաժեշտ է համալսարանները տեղափոխել ծայրամասեր. Գևորգ Դոստուրյան
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը գտնում է, որ Երևանի փողոցների բեռնաթափման հարցը դժվար է լուծել, քանի որ համալսարանների մեծ մասը կենտրանացած են կենտրոնում, և երթուղիների, մեքենաների հոսքն ուղղված է դեպի կենտրոն։
«Ամբողջ աշխարհում համալսարանները գտնվում են քաղաքի ծայրամասերում։ Կառավարությանն առաջարկ է ներկայացված, որպեսզի համալսարանները ծայրամասեր տեղափոխվեն, առավելևս, որ դա պետությունից ծախս չի պահանջում»,-ասաց Գևորգ Դոստուրյանը և ավելացրեց, որ կենտրոնում գտնվող համալսարանների տարածքները շատ ավելի թանկ են. դրանք վաճառելով՝ հինգ նման համալսարան կարող են կառուցել ծայրամասերում։
Մեր զրուցակիցը ողջունում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած՝ Երևանի կենտրոնում ավտոկայանատեղեր բացելու գաղափարը, թեև դա հարցի լուծում չի համարում։ «Դրան զուգահեռ այլ քայլեր ևս պետք է արվեն, որպեսզի շոշափելի արդյունք զգացվի»,-ասաց նա և նշեց, որ պետք է տաքսիների և երթուղայինների աշխատանքը կարգավորվի։ Ըստ նրա՝ մեր երթուղիները հավասար բաշխված չեն, որպեսզի խցանումներ չլինեն։ Նա նաև կարծում է, որ որոշ փողոցներ միակողմանի դարձնելն էլ կմեղմի բեռնաթափման խնդիրները։










