Ռումինիայի նախագահը չի հրաժարվել Մոլդովայի քաղաքացիություն ստանալու գաղափարից
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն կրկին հայտարարել է, որ մտադիր է Մոլդովայի քաղաքացիություն ստանալ: Նա պատրաստվում է քննարկել այդ հարցը Մոլդովայի իշխանությունների հետ մինչև նոյեմբերի 2-ին իր նախագահական ժամկետի ավարտը, գրում է ria.ru-ն:
Բեսեսկուն այսպես կոչված «Մեծ Ռումինիայի» վերստեղծման կողմնակից է՝ 1939 թվականի սահմաններում:
Ռումինիայի նախագահը բացահայտորեն հայտարարել է, որ մոլդովական եվրաինտեգրումն ուղղված է Ռումինիային Մոլդովայի տարածքի միանալուն: Նրա խոսքով՝ Մոլդովայի հետ միացումը պետք է դառնա Ռումինիայի արտաքին քաղաքական օրակարգի երրորդ գլխավոր նախագիծը՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուց հետո:
Անցած տարվա հուլիսին Քիշնև այցի ընթացքում Ռումինիայի առաջնորդը քաղաքապետ Դորին Կիրտոակեից Մոլդովայի քաղաքացիություն ստանալու առաջարկ էր ստացել: Ավելի ուշ Romania libera թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր Մոլդովայի քաղաքացի դառնալու ցանկության մասին: Ընդ որում՝ նա հայտարարել էր, որ «բացառվում է», որ նա քաղաքական կյանք սկսի Մոլդովայում:










