Apple-ն արդեն աշխատում է արտադրանքների վրա, որոնց մասին դեռ ոչ ոք չի լսել. Թիմ Կուկ
Apple ընկերության նորույթների շնորհանդեսից հետո, լրագրողներն ամեն կերպ փորձում են շփվել ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ։ Նախորդ շաբաթ Կուկը զրուցել է ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ։ Կուկը խոսել է, թե ինչու ընկերությունը չի մրցակցում Samsung ընկերության հետ, ինչ ապագա է սպասվում Apple TV-ին և խոսել է բոլորովին նոր նախագծերի մասին, փոխանցում է iphones.ru-ն։
Նորույթների մասին խոսելով՝ Կուկը նշել է, որ Apple-ը հետաքրքրված է բազմաթիվ նախագծերով։ Սակայն չի կարող թողարկել միաժամանակ մի քանիսը, քանի որ կենտրոնացած է որակի, աշխատանքի և բոլոր գործառույթների կատարյալ համադրության վրա։
«Այո, մենք ունենք արտադրանքներ, որոնց վրա արդեն տարվում են աշխատանքներ, սակայն որոնց մասին ոչ ոք չգիտի։ Դրանց մասին նույնիսկ լուրեր չեն պտտվում»,- ասել է Կուկը։
Խոսելով iPhone 6 և 6 Plus նորույթների մասին և այն մասին, թե արդյոք ընկերությունը չի հետևում Samsung-ին՝ յուրաքանչյուր տարի մեծացնելով դիսփլեյը, Կուկը միայն ժպտացել է. «Մենք կարող էինք ավելի մեծ չափերի iPhone թողարկել դեռևս մի քանի տարի առաջ։ Ամբողջ հարցը չափերի մեջ չէ, այլ նրանում, որ նոր մոդելն ավելի լավը լինի, քան նախորդը»։
Կուկը նույնիսկ ժամանակակից հեռուստատեսությունը համարում է բավականին հնացած ծառայություն։ Այդ առումով, Apple TV-ն նորարարական տեսք է ընդունում։ Նրա խոսքով՝ 20 մլն հետևորդներով այդ ծառայությունը դադարել է լինել հոբբի-նախագիծ, ինչպես նախկինում։










