Ferrari-ն ամերիկյան շուկայի համար հատուկ սուպերքար կթողարկի`10 օրինակով

18:14 • 16.09.14

Ferrari ընկերությունը ամերիկյան շուկայում իր ներկայության 60-ամյակի առթիվ ստեղծել է իր սուպերքարերից մեկի հատուկ մշակված տարբերակը, որը կթողարկվի 10 օրինակով: 

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` Automotive News-ին հղումով, ընկերության նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոն տեղեկացրել է, որ թողարկվելիք բոլոր մեքենաներն էլ կիրացվեն Միացյալ Նահանգներում: 

Հատուկ մոդելի դեբյուտը կկայանա հոկտեմբերի 12-ին` Լոս Անջելեսում: Միջոցառումը կանցկացնի դի Մոնտեզեմոլոն, որից հետո պաշտոնապես կհեռանա Ferrari-ի ղեկավարի պաշտոնից: 

Մեքենայի մասին դեռևս միայն հայտնի է, որ այն կներկայանա կապույտ գույնով, իսկ թափքը կզարդարվի սպիտակ դեկորատիվ գծերով` North American Racing Team մրցարշավորդների թիմի պատվին: Հատուկ մոդելի 10 օրինակն էլ արդեն վաճառվել են: Յուրաքանչյուրի գինը կազմում է 2.5 մլն եվրո: 

Աղբյուրի տվյալներով Ferrari-ի հատուկ տարբերակը կառուցվել է F12berlinetta կուպեի հիման վրա, որը զինված է 6.3 լիտր ծավալով բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 740 ձիաուժ: Շարժիչը համադրվում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ: Երկդռնանի սուպերքարը 100 կմ/ժամ արագությունը հավաքում է 3.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունն է 340 կմ/ժամ:

 

Ferrari-ն ամերիկյան շուկայի համար հատուկ սուպերքար կթողարկի`10 օրինակով