Վրաթաղման, դիակիզման, մասնավոր գերեզմանատների խնդիրը. պաշտոնյայի լուծումներն ու եկեղեցու դիրքորոշումը

09:35 • 16.09.14

Քաղաքաշինության նախարարության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ Սամվել Սրապյանը, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գերեզմանների տարածքային խնդրին, ասաց, որ դա  հիմնականում վերաբերում է հանրապետության որոշ տարածքների՝ Երևանին, Գյումրիին, Ալավերդուն։


Խնդիրը մասամբ լուծելու համար նախարարությունը դիտարկում է հնարավոր տարածքների հատկացման հարցը, և փորձում է վրաթաղման գաղափարը գործողության մեջ դնել։


«Օրենքը թույլ է տալիս հուղարկավորությունից 15 տարի հետո, կես մետր բարձրությամբ՝ նույն գերեզմանում նորից թաղում կազմակերպել, պարզապես ավանդույթները դեռևս չեն ձևավորվել, և մեր բնակչության մոտ դա չի ընկալվում»,- ասաց Սամել Սրապյանը։


Ըստ նրա՝ վրաթաղման դեպքում հնարավոր կլինի այդ հողերի երկարատև օգտագործումը, ինչպես նաև նոր տարածքների պահանջարկի խնդիրը կմեղմվի։ «Այդ գաղափարը ոչ թե մերժվում է, այլ չի ընկալվում, թեև դա իսկապես լուծում է։ Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես իրենց հանգուցյալի վրա կարող է մի հատ էլ հանգուցյալ թաղվել, և գերադասում են լրացուցիչ հող վերցնել, շինարարություն կատարել»,- ասաց նա։


Սամվել Սրապյանը նկատեց նաև, որ, երբեմն, մեկ մարդու գերեզմանի համար հսկայական տարածքներ են վերցնում։ «Դուք գիտե՞ք, թե մեր գերեզմաններում ինչ իրավիճակ է տիրում, ի՞նչ մահարձաններ են կառուցում և աստղաբաշխական թվեր են ծախսում»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է խնդրի օրենսդրական կարգավորմանը, նա նշեց.«Թեև 2006 թվականին սահմանափակող օրենքը ընդունվել է, սակայն շարունակվում են նման դեպքեր։ Չգիտեմ թե մարդկանց ագահություն է, թե ինքնահաստատման մի ձև է, երբ օրենքով 12 քմ մետր է սահմանված ընտանեկան գերեզմանի համար, սակայն մարդիկ 100, 200 մետր հող են զբաղեցնում ու մեկ կամ երկու թաղում են անում։ Օրենքը սահմանափակել է, խնդիրն այն է, թե ինչու են դեպքերը շարունակվում, կամ օրենքի ընդունումից առաջ արդեն իսկ զավթած տարածքները ինչո՞ւ չեն դրվում շրջանառության մեջ»,- ասաց նա։


«Այստեղ օրենքի կիրառման բացերի խնդիր կա։ Բացի այդ, օրենքով սահմանված մարմինների կողմից պատշաճ ձևով չի վերահսկվում նորմերի իրականացումը։ Առաջին հերթին՝ վերահսկելու, հողի նպատակային օգտագործման և ապօրինի զավթումների դեմ պայքարը մարզպետարանների վրա է դրված»,- ասաց նա։


Այսպիսով՝ ըստ օրենքի անվճար ընտանեկան գերեզմանատան համար հատկացվում է 12 քմ և 2,5 քմ մետր՝ մեկ թաղման համար, օրենքով սահմանված է, որ բացի 12 քմ-ից ավելի 10 քմ կարող է տրվել վճարովի։ «Սակայն դա էլ է խախտվում, մարդիկ շատ հնարամիտ են և տարբեր ձևերով խախտում են այդ չափերը։ Ցավոք սրտի, դրա դեմ պայքարելը դժվարացնում է այն մտածելակերպը, երբ ասում են՝ արդեն թաղել ենք, գերեզման ենք կառուցել, ինչպե՞ս կլինի քանդել»,- ասաց նախարարության աշխատակիցը։


Ինչ վերաբերում է օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը, ապա Սամվել Սրապյանը նշեց. «Օրենքի փոփոխությամբ փորձում ենք կանոնակարգել, կարգավորել պետական լիազորությունների խնդիրը, այդ թվում ուժեղացնել վերահսկողությունը գերեզմանատների շահագործման հարցում»։ Նա նշեց, որ նոր օրենքով հստակեցվելու է տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների կոնկրետ լիազորությունները, որպեսզի հնարավոր լինի պատասխանատվության հարցը ավելի հստակ դնել։


Սամվել Սրապյանն ասաց, որ օրենքում առաջ է քաշվում նաև մասնավոր գերեզմանատների գաղափարը, որի շուրջ կան իրարամերժ կարծիքներ։ Նա նշեց, որ նախևառաջ Կառավարությունը գտնում է, որ մասնավոր գերեզմանատները պետք են, սակայն մասնագիտական հանրությունը գտնում է, որ դա ճիշտ չէ, թեև արտասահմանում ընդունված մոտեցում է։


«Դրանով կմեղմվի տարածքի խնդիրը, սակայն մասնավոր գերեզմանատան խնդիրը իր հետ կարող է առաջ բերել բիզնեսի գիշատիչ մոտեցումը՝ հողերի օգտագործման նկատմամբ և հնարավոր է, որ որոշ դեպքերում պիտանի գյուղատնտեսական հողերը նույնպես օգտագործվեն գերեզմանների համար։ Մասնագիտական հանրության մտավախությունը այն է, որ դա կարող է շահավետ բիզնես դառնալ, և կարծում են, որ դա ժամանակավրեպ է»,-ասաց նա։


Նախարարության աշխատակիցն ավելացրեց, որ հենց այդ պատճառով էլ ԱԺ հանձնաժողովներում քննարկումների արդյունքում օրենսդրական փոփոխության նախագծի ընդունումը հետաձգվեց մեկ տարով, որպեսզի ժամանակ լինի հանրային քննարկումներ կազմակերպել։


Ինչ վերաբերում է դիակիզման գաղափարին, ապա Սամվել Սրապյանն ասաց, որ դիակիզումը աշխարհում ընդունված ձև է և չի պահանջում հող։ «Կրոնական առումով չեմ կարող ասել դա ճիշտ է, թե ոչ, բայց մեր հանրության մեջ կա մարդկանց մի շերտ, որն անհամբեր սպասում է դիակիզարան ունենալուն։ Դա էլ մարդու իրավունք է՝ հետմահու իր կամքն իրականացնելու։ Օրենքը դա թույլ է տալիս և հենց այդպես էլ կոչվում է՝ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենք»,- ասաց նա։


Սամվել Սրապյանը տեղեկացրեց, որ 2008-2009 թվականներին Երևանում դիակիզարան կառուցելու փորձեր կատարվել են, սակայն կյանքի չեն կոչվել։ «Քաղաքաշինության նախարարությունը նախագծման, շինարարության համար ներկայացրել էր առաջարկություն, նույնիսկ տարածքն էր որոշվել, սակայն բյուջեում համապատասխան գումարներ չեն հատկացվել»,- ասաց նա և նշեց, որ թեև դիակիզարան կառուցումը հետաձգվեց, սակայն օրակարգից հանված չէ. «Բացի այդ, հոգևոր հայրերը ասում են, որ դա ճիշտ չէ, թեև տարբեր քրիստոնեական երկրներում ընդունված է երևույթ է»։


Տեր Թովմա քահանա Անդրեասյանը, անդրադառնալով վրաթաղման գաղափարին, ասաց, որ եթե այդ մարդու թաղումից հետո բավականին ժամանակ է անցել, այսինքն՝ այլևս հարազատներ չեն այցելում, կարելի է այդ տարածքներում նորից թաղում կազմակերպել։ «Հաշվի առնելով մարդկության պատմությունը՝ հիմա չկա որևէ տարածք, որտեղ մինչ այդ որևէ մեկը թաղված չլինի։ Արդեն թաղվածի վրա թաղում անում են»,- ասաց նա։


Փոխարենը եկեղեցին դեմ է դիակիզման գաղափարին։ «Կա մի այսպիսի կարծիք, որ Քրիստոսի դատաստանը պետք է լինի հոգով ու մարմնով, այսինքն՝ նրա գալստյան ժամանակ պետք է հոգին հողից նորից մարմին ստանա։ Երբ գերեզմանոցում աղոթք ենք կարդում նաև ասում ենք, որ Տե՛ր Հայր սուրբ, պահի՛ր այս հողը, որպեսզի քո գալստյան ժամանակ ինքը նորից մարմին ստանա։ Բայց եթե մենք մարմինը հրկիզում ենք, մենք փաստորեն խախտում ենք այդ օրենքը»,- ասաց նաև նշեց, որ դիակիզումը կարող են ընդունել բողոքականները։


«Այստեղ տարբեր եկեղեցիների միջև միանշանակ կարծիք չկա։ Մենք չենք կարող ասել Քրիստոսի գալստյան ժամանակ այդ հոգին ինչ մարմին է ստանում, նույնիսկ այդ մարմնի հարցում մեր եկեղեցու հայրերը տարբեր կարծիքներ ունեն։ Սակայն, քանի որ մեր նախնիները հավատացել են, որ հոգին նորից հողից պետք է մարմին ստանա, մենք դա շարունակում ենք պահել»,- ասաց քահանան։


Չնայած դրան՝ Տեր Թովման նշեց, որ բացառություններն ընդունելի են, այսինքն՝ եթե օրինակ՝ Ամերիկայից հնարավոր չէ հանգուցյալի մարմինը բերել, հրկիզում են, եկեղեցին գնում է ընդառաջ։ «Բայց ելնելով հավատացյալների հոգու խաղաղությունից մենք համատարած հրկիզմանը դեմ ենք, բացառիկ դեպքեր կան, որ ընդունում ենք»,- հավելեց նա։