ՀՀ բնապահպանության նախարարը ուղերձ է հղել Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ

12:45 • 16.09.14

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ուղերձ է հղել Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 16-ին ողջ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Օզոնային շերտի պաhպանությունը համամարդկային խնդիր է, որի լուծման համար չափազանց կարևոր է բոլոր պետությունների դերը:

Օզոնային շերտը թեև կազմում է մթնոլորտի խտության ընդամենը 1/10000 մասը, սակայն նրա պաշտպանիչ նշանակությունը կենսոլորտի համար անգնահատելի է, այն կլանում է արեգակից դեպի Երկիր մոլորակ եկող ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթների զգալի մասը և, կարծես վահան, պաշտպանում կենդանական և բուսական աշխարհը:

Հայաստանի Հանրապետությունը, 1999 թվականի ապրիլի 28-ին միանալով «Օզոնային շերտի մասին» Վիեննայի կոնվենցիային և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը, իր արժանի ներդրումն է կատարում օզոնային շերտի պահպանության գործում՝ անմասն չմնալով այդ կարևորագույն առաքելությունից: 2006թ. օզոնային շերտի պահպանության առաքելությունը մեր երկրում իրավական ուժ է ստացել` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքով, իսկ 2007-ին` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով: Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման փուլային փոխարինումն օգնում է օզոնի շերտի պահպանությանը ներկա և ապագա սերունդների համար:

Միջազգային հանրության ջանքերը ներկայում ուղղված են նաև օզոնային շերտի վերականգնմանը և ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը, ինչը նպաստում է մարդու առողջության և էկոհամակարգի պահպանությանը:

Դեռևս շատ անելիքներ կան, և Հայաստանը շարունակում է համաշխարհային հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար: Պահպանենք օզոնային շերտը, չէ՞ որ այն պահպանում է մեզ»:

 

ՀՀ բնապահպանության նախարարը ուղերձ է հղել Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ