Ամերիկացի լրագրողուհին գիրք է գրել Անատոլի Սոբչակի թունավորման և Վլադիմիր Պուտինի կարիերայի մասին
Ռուս-ամերիկյան լրագրողուհի Մաշա Գեսենն իր նոր «Անդեմ մարդը. Վլադիմիր Պուտինի անհավանական վերելքը» գրքում պատմում է, որ ՌԴ նախագահ Պուտինի «քաղաքական հայր» Անատոլի Սոբչակը թունավորվել է իր անկողնու կողքին դրված թունավորած լուսամփոփի միջոցով, գրում է Обозреватель-ը։
Պուտինը 1990-ին դառնում է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակի օգնականը։ Լինելով քաղաքի միջազգային կապերի պատասխանատու՝ նա նախկին ԽՍՀՄ-ից նյութերի արտահանում է կազմակերպում Գերմանիա՝ պարենային օգնությամբ փոխանակելու դիմաց, որն այդպես էլ չի հասնում քաղաք։ Արդյունքում, լրագրողի գնահատականով, անհայտ կորում է 92 մլն դոլար։
Երբ ռուսական արդարադատությունը մեղադրում է Սոբչակին գումարների անհետացման համար, վերջինս 1997-1999թթ. թաքնվում է Փարիզում։ Նա սպասում է, որ Պուտինը բավականին հզոր դառնա ռուսական քաղաքական դաշտում, որպեսզի հնարավորություն ունենա վերադառնալ երկիր, ինչն էլ տեղի է ունենում 1999-ին։
Սոբչակը սկսում է աջակցել Պուտինին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը և ձգտում փոխարինել Բորիս Ելցինին նախագահի պաշտոնում։ Սակայն 2000թ. փետրվարին Սոբչակին մահացած են հայտնաբերում։ Պաշտոնապես նա մահացել է սրտի կաթվածից։ Թաղման ժամանակ Պուտինը հայտարարում է, որ «սա պարզապես մահ չէ, սա բռնի մահ է, որը հետապնդումների արդյունք է»։
Սոբչակի մահը սկսում է ուսումնասիրել լրագրող Արկադի Վաքսբերգը, ով նյութեր է հավաքում, որոնք վկայում են այն մասին, որ դա եղել է սպանություն, այլ ոչ բնական մահ։ Մաշա Գեսենը նոր ապացույցներ չի ներկայացնում, սակայն միավորում է տարբեր տեղեկություններ՝ դրանք ավելի հասանելի դարձնելով, առանց հնարավոր մեղավորների անուններ նշելու։










