Ստեղծելու ենք այնպիսի ֆիլմ, որ նմանը եղած չլինի. անսպասելիորեն կինոարտադրությամբ զբաղվող Հակոբ Հակոբյանը՝ ապագա ֆիլմի մասին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), ով անսպասելի կերպով սկսել է զբաղվել ֆիլմարտադրության բիզնեսով, ըստ որում՝ նաև որպես ստեղծագործող, Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ ռեժիսուրայով զբաղվում է սիրողական մակարդակում: Այսինքն՝ կա պրոֆեսիոնալ ռեժիսոր, իսկ ինքն էլ կողքից խորհուրդներ է տալիս: Իրենց աշխատակազմում ունեն նաև պատմաբաններ ու քաղաքագետներ՝ պատմական սխալներ թույլ չտալու համար:
-Պարո՛ն Հակոբյան, մամուլին հայտնել էիք, որ ֆիլմի սցենար եք գրում, այդ սցենարով գրված ֆիլմի ռեժիսորն եք: Հայոց ցեղասպանությունը շատ զգայուն թեմա է, չեք վախենո՞ւմ, որ ինչ-որ պատմական սխալներ անեք:
-Ես նմա՞ն եմ մի մարդու, որը կարող է ինչ-որ բանից վախենալ: Մեր վախը վաղուց անցել ենք:
-Պատմության դատի, պատմաբանների վախը այլ վախ է:
-Ուրեմն՝ մենք ստեղծելու ենք էնպիսի ֆիլմ, որ նմանը եղած չլինի:
-Ինչպե՞ս ծագեց այդ գաղափարը:
-Ես մի քանի անգամ ասել եմ, որ երիտասարդ ժամանակ երազել էի ռեժիսոր դառնալ, հետո ընտրեցի բիզնեսի տարբերակը, հետո, երբ Ցեղասպանության 90-ամյակի հետ կապված մենք կառուցեցինք խաչքար, տեղադրեցինք, դրանից հետո որոշեցի, որ 100-ամյակի հետ կապված կլինի մի ուրիշ բան, որ ավելի մնայուն կլինի, ավելի մեծ արժեք կլինի մեզ ու ժողովուրդների համար:
-Դուք և՛ սցենարիստ եք, և՛ ռեժիսո՞ր:
-Մենք ունենք ռեժիսոր, որը նկարահանում է, պարզապես ռեժիսուրայի պահով ես իրենց օգնում եմ, սցենարիստը, մյուսը, մասնագիտական բաներով են ապահովվում:
-Բայց չէ՞ որ Դուք մասնագիտությամբ ռեժիսոր չեք, համապատասխան կրթություն չունեք:
-Ես անում եմ սիրողական մակարդակով, իսկ ռեժիսորն արդեն պրոֆեսիոնալ ռեժիսոր է, մնացածն ինքը կանի, ես իմ խորհուրդներով կօգնեմ:
-Այսինքն՝ որքան հասկացա կիսվելո՞ւ եք նրա հետ գաղափարներով:
-Ռեժիսորը մասնագիտական, պրոֆեսիոնալ ամեն ինչ կանի, ես խորհուրդներ կտամ:
-Դուք ո՞ր ստուդիաների հետ եք աշխատում:
-Առանձին ֆիրմա ունենք, որը զբաղվում է ֆիլմ նկարահանելով՝ իր աշխատակազմով:
-Ձեր ստուդիայի կողմից նկարահանված հայտնի ֆիլմեր կա՞ն:
- Ոչ, մեր ռեժիսորները, օպերատորները, մարդիկ տարբեր ֆիլմերի վրա աշխատել են, բայց կոնկրետ մեզ մոտ առաջին փորձն է:
-Ֆիլմ եք նկարահանում Ցեղասպանության մասին, պատմաբանների ներգրավվե՞լ եք:
-Պատմաբաններ ունենք, քաղաքագետներ ունենք, որոնք որ օգնում են տարբեր ժամանակահատվածներում:
-Իսկ փորձո՞ւմ եք նորովի մատուցել Ցեղասպանության թեման, թե՞ գնալու եք արդեն ծեծված կաղապարներով:
- 1,5 ժամանոց ֆիլմ է, մեկ ժամը՝ Արևմտյան Հայաստան, մյուս կես ժամը՝ Հայաստան՝ մեր օրեր՝ 75-76 թվականներ:
-Որ ասում եմ՝ նորովի, նկատի ունեմ արտահայտչաձևերը, ոչ թե թվականները:
-Մենք նկարահանում ենք ամենավերջին ապարատուրաներով, ամենավերջին տեխնիկայով: Ինձ թվում է՝ կլինի շատ լավ, լինելու է չորս լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն , հայերեն:
-Չե՞ք մտածել, որ որպես նախկին պատգամավոր կարող էիք քաղաքականության մասին ֆիլմի սցենար գրել:
-Էս ֆիլմի մոտ 30 տոկոսը քաղաքականություն է, հայ-թուրքական քաղաքականություն, այսօրվա օրեր, ներողամտություն, այդ ամեն ինչն այդ ֆիլմի մեջ կա: Ցանկացած մարդ, որ կդիտի, որ կտեսնի, որ շատ-շատ քաղաքականություն է պարունակում:
-Նկատի ունեմ ոչ թե արտաքին քաղաքականություն, այլ ներքին: Օրինակ՝ պառլամենտ, պատգամավորներ, դեմքեր, դեպքեր, կերպարներ:
-Այստեղ պառլամենտ չկա, որովհետև 70 ական թվականներն են՝ Սովետ միության ժամանակ:
-Իսկ ֆիլմը որտե՞ղ եք ցուցադրելու, ինչպե՞ս: Վաճառելո՞ւ եք:
-Սկզբից Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան և Հայաստան, հետագայում կորոշենք:
-Այսինքն՝ վարձույթից եք գումար վաստակելու:
-Բա իհարկե, գումար էլ պիտի վաստակենք:










