Մայր Աթոռը թեմեր է ստեղծում միմիայն ժողովրդի հոգևոր խնամքը լավագույնս կազմակերպելու համար. Տեր Վահրամ
Նոր թեմերի ստեղծման նպատակը առավել արդյունավետ գործելն է, որովհետև մի բան է, երբ մեկ թեմում գտնվում են 300 համայնքներ, մեկ այլ բան, երբ 150: Եվ եթե Մայր Աթոռը նոր թեմեր է ստեղծում, նպատակը միմիայն այն է, որ ժողովրդի հոգևոր խնամքը լավագույնս կազմակերպվի տվյալ տարածաշրջանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը՝անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերը 10-ից կդառնան 35-ը։ Հոգևորականը նաև նշեց, որ Մայր Աթոռն անհանգստացած է տարբեր կրոնական կազմակերպությունների՝ փողոցներում և առցանց քարոզչությամբ:
-Օրհնեցե՛ք Տեր Հայր, մամուլում գրվեց, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերը, ամենայն հավանականությամբ, կենթարկվեն կառուցվածքային փոփոխությունների և 10 թեմերը կդառնան 35-ը: Ի՞նչն է դրա նպատակը:
-Այս պահին որևէ կառուցվածքային փոփոխություն այդ առումով նախատեսված չէ, ես չգիտեմ՝ որտեղի՞ց է նման տեղեկատվություն հայտնվել լրատվամիջոցներում։ Որովհետև ներքին կարգավորման համար որոշակի նախապայմաններ կան, և թեմը կազմավորվում է անհրաժեշտության դեպքում՝ նկատի ունենալով տվյալ տարածքում, շրջանում, երկրում ծխերի, համայնքների առկայությունը: Նաև հնարավորությունների առկայությունը, այսինքն՝ կարո՞ղ է համայնքի ժողովուրդը պահել իր տարածքում թեմը՝ իր ծխական և թեմական կառույցներով: Եվ այս պահի դրությամբ , եթե նման անհրաժեշտություն նկատվում է, թեմեր ստեղծվում են. վերջին շրջանում նոր թեմեր են ստեղծվել Վայոց ձորում, որն առանձնացվել է, եղել են Տավուշի և Արթիկի թեմեր: Եվ եթե թեմերի կազմավորման խնդիր դրվում է, այդ մասին նախապես որոշում է կայացվում Հոգևոր խորհրդում, այնուհետև Հայրապետական կոնդակով թեմը հռչակվում է: Եվ այսօր որևէ խոսք, ծրագիր 35 թեմերի մասին չկա կամ ինչպես մամուլն էր գրել՝ Խորհրդային շրջանի շրջանների համեմատ թեմեր ստեղծելու միտք դեռևս առկա չէ:
-Այսուհանդերձ, ո՞րն է նպատակահարմարությունը, օրինակ, Շիրակի մարզում ունենալ առանձին Արթիկի թեմ, Շիրակի թեմ: Այսինքն, կոպիտ ասած, առաջնորդարանը չի՞ կարողանում սպասարկել ծխերին:
-Կարողանալ-չկարողանալու խնդիրը չէ: Այդ թեմերը, քիչ առաջ ասացի, ձևավորվում են արդյունավետությունից դրդված, առավել արդյունավետ իրականացնելու եկեղեցական առաքելությունը: Եվ Արթիկի թեմի առանձնացման մասին բազում լուսաբանություններ տրվել են: Նման թեմերի անհրաժեշտություններ առաջանում են օրինակ՝ մեր արտերկրի համայնքներում, և այսօր էլ գործընթացներ իրականացվում են, օրինակ՝ Իսպանիայում, սկանդինավյան երկրներում. որտեղ իսկապես ձևավորված ծխական, համայնքային կյանք լինի, ապա դա էլ հիմք կդառնա թեմական կառույցների ձևավորման: Բայց դա երկարատև գործընթաց է, աշխատանք, որ կատարվում է: Իսկ անհրաժեշտությունը, կրկնում եմ՝ այդ երկրամասում ժողովրդին հոգատարություն ցուցաբերելն է: Եվ երբ այդ ծխական համայնքների կողմից դիմում է լինում Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որ իրենք ցանկանում են ինչ-որ թեմից առանձնանալ, կամ՝ իբրև առանձին երկիր, առանձին թեմ հռչակվել, պատվիրակություն է գնում, քննվում են բոլոր հնարավորությունները, նախապայմաններին համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ՝ լիարժեք գործելու համար: Այսինքն՝ այստեղ կա նախապայմանների մի ողջ ցանկ, որոնք բավարարելու դեպքում է միայն խնդիրը սկսում քննարկվել: Ասեմ, որ թեմ կարող է ստեղծվել՝ նկատի ունենալով տարածքի մեծությունը, որպեսզի ինչ-որ մի բաժանումով կիսվի թեմը և դառնա երկու թեմ: Նպատակը առավել արդյունավետ գործելն է, որովհետև մի բան է, երբ մեկ թեմում գտնվում են 300 համայնքներ, մեկ այլ բան, երբ 150:
Եվ, անշուշտ, սա տարբեր որակներ և մոտեցում է ենթադրում: Եվ եթե Մայր Աթոռը նոր թեմեր է ստեղծում, նպատակը միմիայն այն է, որ ժողովրդի հոգևոր խնամքը լավագույնս կազմակերպվի տվյալ տարածաշրջանում:
-Տեր Վահրամ, մենք մոտավոր որքա՞ն հոգևոր սպասավոր ունենք և ծուխ-հոգևորական հարաբերակցությունը որքա՞ն է: Կա՞ նման վիճակագրություն:
-Ողջ աշխարհով մեկ, ներկայիս պահին 640 սպասավոր և եթե գումարենք մնացած նվիրապետական աթոռների մեր հոգևոր սպասավորներին, այդ թիվը չի գերազանցում 1500-ը: Հայաստանում մոտ՝ 250 հոգևոր սպասավոր:
-Տեր Վահրամ, «Եհովայի վկաները» սկսել են փողոցում բուկլետներ բաժանել, որոնցում «Եհովայի վկաների» կայքեր են, էլեկտրոնային գրականություն, այսինքն՝ առցանց քարոզչություն են իրականացնում, ինչը արգելված չէ «Կրոնական ազատությունների» մասին 1991թ. օրենքով, բայց միայն այն պատճառով, որ այդ մասին ոչինչ չկա գրված: Իսկ գրված չէ, որովհետև 1991 թվականին տեխնոլոգիաներն այնպես զարգացած չէին, ինչպես հիմա: Ըստ Ձեզ՝ դրա հետ կապված պե՞տք է արդյոք օրենսդրական փոփոխություն:
- Նման փոփոխության անհրաժեշտություն այսօր նկատվում է, և այդ հարցը բազմիցս բարձրաձայնվել և քննարկվել է, և օրենսդիրն էլ, կարծում եմ, լավագույնս քաջատեղյակ է այդ անհրաժեշտության մասին: Գիտեք, որ օրենքը մի քանի անգամ վերամշակվել է, խմբագրումներ, մերժումներ եղան Վենետիկի հանձնաժողովի կողմից, սակայն, նախ և առաջ, օրենսդիրը իր իրավասությունների շրջանակներում է մեկնաբանել այդ օրենքը։ Այն, ինչ կատարվում է փողոցներում, այն, ինչ անում են կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Եհովայի վկաները», անշուշտ մեզ անհանգստացնում է: Սակայն խնդրի լուծումը միմիայն օրենսդրական դաշտում է:










