«Գրական տապանը» մեկնարկում է. հայ և եվրոպացի գրողները կհանդիպեն Երևանում

16:55 • 18.09.14

«Գրական տապան 2014» միջազգային փառատոնը պաշտոնապես կմեկնարկի վաղը՝ սեպտեմբերի 19-ին: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում՝ ժամը 16։00-ին: Բացման արարողության ընթացքում տեղի կունենա նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:


Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:


Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ կունենան և վարպետաց դասընթացներ կանցկացնեն երևանյան բուհերում:


Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաև մարզային այցելություններ՝ Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթև:


Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում բրիտանացի հանրահայտ գրող Մեգ Ռոզոֆը կհանդիպի ուսանողների հետ ու կանցկացնի վարպետության դաս «Creative Writing» թեմայով: Հանդիպումը կանցկացվի անգլերեն:


Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Կամերային թատրոնում իր ընթերցողների հետ կհանդիպի լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին, ով այս տարի Հայաստան է եկել հատուկ ծրագրով. սեպտեմբերի 27-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հյուրանոցում (նախկին` «Գոլդեն Թուլիփ») Վիշնևսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:


Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվա կապակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին, աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:


Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:


«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


 

 

«Գրական տապանը» մեկնարկում է. հայ և եվրոպացի գրողները կհանդիպեն Երևանում