Միլանում Սոֆի Լորենի հոբելյանին նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել
Միլանում իտալացի դերասանուհի Սոֆի Լորենի 80-ամյակին նվիրված ֆոտոցուցադրություն է բացվել. կինոյի աստղն իր հոբելյանը կտոնի սեպտեմբերի 20-ին, գրում է РИА Новости-ն։
Մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնց հեղինակները լուսանկարիչներ Կառլո և Մաուրիցիո Ռիկարդիներն են, ծանոթացնում են Լորենի կյանքին և կարիերային, պատմում են Կառլո Պոնտիի հետ դերասանուհու հանդիպման, նկարահանումների, հաջողության և համաշխարհային ճանաչման մասին։ Ցուցադրված լուսանկարներում շատ են Լորենի դիմանկարները։
Ցուցադրությունը Միլանում կտևի մոտ մեկ շաբաթ, սակայն դա միակ միջոցառումը չէ, որով իտալացիները որոշել են հարգանքի տուրք մատուցել իրենց հայտնի համերկրացուն։ Եվս մեկ ցուցադրություն կբացվի Հռոմում։ Բացի այդ, Իտալիայի ամբողջ տարածքում կանցկացվեն տասնյակ հանդիպումներ և «Երեկ, այսօր, վաղը» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը, որը գրել է դերասանուհին՝ նվիրված իր 80-ամյակին։










