Դանիացի անօթևաններին GPS սարքերով են «զինել»

15:15 • 19.09.14

Դանիայի Օդենսե քաղաքի պաշտոնյաներն անօթևաններին GPS սարքերով են «զինել», հայտնում է lenta.ru-ն` The Local-ին հղումով:

 

Առանց մշտական կացարանի անձինք կօգնեն չինովնիկներին քաղաքային ենթակառուցվածքն օպտիմալացնելու հարցում. նրանց տեղաշարժի մոնիթորինգը ցույց կտա, թե քաղաքի որ հատվածներում է ավելի նպատակահարմար նստարաններ կամ վատ եղանակից պաշտպանվելու թաքստոցներ տեղադրել:

 

Քաղաքային ուսումնասիրությանը մասնակցում է 20 անօթևան: Նրանց խնդրել են մշտապես կրել GPS սարքեր: Մոնիթորինգի ժամկետները հայտնի չեն:

 

Քաղաքային խորհրդի անդամ Թոմ Ռոդինգը հայտնել է, որ քաղաքային իշխանությունները ցանկություն ունեն ավելի շատ տեղեկատվություն ստանալու, թե որտեղ են հիմնականում մնում անօթևանները, ինչը կօգնի իրենց բարելավելու քաղաքային ենթակառուցվածքը:

 

Նրա խոսքով՝ աշխարհի դեռ ոչ մի երկիր նման փորձ չի ունեցել: Հիմնականում GPS սարքեր կրում են այն անձինք, ովքեր հսկման կարիք ունեն, ինչպես, օրինակ, հիշողության հետ խնդիրներ ունեցողները կամ տարեցները:

 

2013-ին Դանիայում 5.844 անօթևան է գրանցվել, բացի այդ, նկատվել է նաև 18-24 տարեկան երիտասարդ անօթևանների թվի աճ:

Դանիացի անօթևաններին GPS սարքերով են «զինել»