2100 թվականին Երկրի բնակչությունը 11 մլրդ կլինի. ՄԱԿ

12:40 • 19.09.14

ՄԱԿ-ի և Վաշինգտոնի համալսարանի գիտնականները վստահեցնում են, որ մոլորակի բնակչության աճը չի կայունանա 2050-ից հետո, այլ կշարունակվի ամբողջ 21-րդ դարի ընթացքում։ Երկրի բնակչությունը 2100-ին կկազմի 11 մլրդ մարդ՝ դա 2 մլրդ-ով ավելի է, քան համարվում էր նախկինում, գրում է rosbalt.ru-ն։

 

Գիտնականները մշակել են վերջին վիճակագրական տվյալները, որոնք ՄԱԿ-ը ներկայացրել էր 2014թ. հուլիսին։ 80% հավանականությամբ Երկրի բնակչությունը կաճի 7.2 մլրդ մարդուց մինչև 9.6-12.3 մլրդ։

 

Առավել մեծ աճ է սպասվում Աֆրիկայում, որտեղ բնակչությունը կավելանա քառակի՝ 1-ից 4 մլրդ։ Բանն այն է, որ հակառակ կանխատեսումների՝ մայրցամաքում ծնելիությունը չի նվազում։ Ավելին, աֆրիկյան ընտանիքները շարունակում են բազմազավակ մնալ, հիմնականում՝ հակաբեղմնավորիչ միջոցների պակասի պատճառով։

 

Այլ մայրցամաքներում իրավիճակը խոստանում է ավելի կայուն լինել։ Ասիայում աճի գագաթնակետը կլինի 2050-ին՝ մոտ 5 մլրդ մարդ, այնուհետև բնակչությունը կնվազի։ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի բնակիչների թիվը միլիարդից էլ քիչ կլինի յուրաքանչյուր մայրցամաքում։
 

2100 թվականին Երկրի բնակչությունը 11 մլրդ կլինի. ՄԱԿ