Երևանում տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին նվիրված տարածաշրջանային սեմինար է անցկացվել
Երևանում սեպտեմբերի 17-19-ը տեղի է ունեցել «Տիեզերական հեռանկարային տեխնոլոգիաներ» թեմայով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցել են Հեռահաղորդակցության միջազգային միությանն (ՀՄՄ) անդամակցող ԱՊՀ երկրների շուրջ 50 ներկայացուցիչներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից սեմինարի մասնակիցներին ողջունել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը։ Հեռահաղորդակցության միջազգային միության անունից ներկաներին ողջունել է ՀՄՄ ռադիոկապի բյուրոյի տնօրեն Ֆրանսուա Ռանսին։
ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտներից է։ Նման ներկայացուցչական սեմինարի անցկացումը միտված է ամրապնդելու Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: Այն նոր հեռանկարներ կբացի ԱՊՀ երկրների հետ համագործակցության համար։
«Այս սեմինարը նվիրված էր տիեզերական տեխնոլոգիաների հրատապ խնդիրներին, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար։ Ուղեծրում Հայաստանի արբանյակի տեղադրման ուղղությամբ համապատասխան ստորաբաժանումների կողմից ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նպատակ ունենալով ստեղծել մի կազմակերպություն, որում ներգրավված կլինի հայ աստղաֆիզիկոսների, ռադոֆիզիկոսների ամբողջ ներուժը»,-ինչպես ասվում է հաղորդագրությունում, նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի էլեկտրահաղորդակցության գծով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը։
«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նախաձեռնած այս սեմինարն անչափ կարևոր նշանակություն ունի, քանի որ հաջորդ տարի անցկացվելու է Ռադիոկապի համաշխարհային կոնֆերանս, որտեղ քննարկվելու են սեմինարի երեք օրերի ընթացքում արծարծված հարցերը: Ներկայում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց արբանյակային տեխնոլոգիաների։ Հայաստանի նման լեռնային ռելիեֆ ունեցող երկրի համար այդ տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտություն է»,-ասել է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների ղեկավար Օրոզոբեկ Կայիկովը։
Եռօրյա սեմինարի ընթացքում ներկայացվել են բազմաթիվ զեկույցներ տիեզերական կապի ու տեխնոլոգիաների արդի հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։










