Եթե կգտնեն մեկին, որն ինձնից լավ կարող է ղեկավարել, խնդրեմ. Փարավոն Միրզոյան
Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը վիրավորված է. շնորհակալություն հայտնելու փոխարեն իր մասին չարախոսում են։ «Ես ավելի շատ ներդրում եմ արել պատկերասրահի համար, քան թե կոպեկ ստացել աշխատավարձի տեսքով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, թե ինչու է նման քննադատությունների թիրախում հայտնվել։ «Зависть, ուրիշ ոչ մի բան»։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում իր դեմ «պատվերով» նյութեր են գրվում, որովհետև լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը։ «Եթե կգտնեն մեկին, որն ինձնից լավ կարող է ղեկավարել, խնդրեմ, միշտ պատրաստ եմ»,- ասաց նա:
- Պարո՛ն Միրզոյան, օրենքով 65 տարին լրանալուց հետո Դուք իրավունք չունենք պաշտոնավարել որպես Ազգային պատկերասրահի տնօրեն, պատրաստվո՞ւմ եք արդյոք ազատման դիմում գրել։
- Գոյություն ունի ՀՀ օրենք, եթե իմ տարիքը համապատասխանում է այդ ժամկետին, թեկուզ ես գտնում եմ, որ սխալ է, և ես այսօր Հայաստանում գիտեմ մի քանի տասնյակ մարդկանց, որոնք զբաղեցնում են պաշտոններ՝ 70 տարեկան կամ 68 լինելով, դա կարևոր չէ: Իսկ եթե կգտնեն մեկին, որն ինձնից լավ կարող է ղեկավարել, խնդրեմ, միշտ պատրաստ եմ, ես նկարիչ եմ: Եվ ես պատկերասրահի համար այնքան եմ արել, որ ես գոհ եմ իմ արածից, և հարյուրավոր մարդիկ են ինձ շնորհակալություն հայտնում, որ ես կարողացա այս թանգարանը բերել համաշխարհային ճանաչման: Այսօր աշխարհի տասնյակ երկրներից մեզ խնդրում են, որ մեր աշխատանքները ցուցադրենք տարբեր երկրներում: Այդ ժամանակահատվածում այնպիսի ցուցահանդեսներ են բացվել, որոնցով ճանաչել են Հայաստանը: Միայն այսօրվա ցուցահանդեսը, որ 80 տարի մեր ֆոնդում մնացել է, միայն այդ եվրոպական, ասիական գրաֆիկայի ցուցադրության մասին պետք է խոսեն:
- Մամուլը, սակայն, այդքան էլ դրական տեսանկյունից չէ, որ Ձեզ ներկայացրել է, խոսվում են Ձեր կողմից թույլ տրված չարաշահումների մասին, ինչպես օրինակ՝ նշվում է, որ Դուք մաքսանենգ ճանապարհով Հայաստան եք ներմուծել 1 727 կգ նկարներ ու քանդակներ և բռնվել ու տուգանվել եք 50 000 դրամ և այլն։
- Այն, ինչ գրել է թերթը, չգիտեմ ինչ չափանիշների մեջ է, ծիծաղելի է: Ոչ թե Փարավոն Միրզոյանին են տուգանել, ինձ ոչ ոք չի տուգանել: Այսինքն՝ երբ որ կազմակերպվել է ցուցահանդես՝ իտալացի նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունոյի ստեղծագործությունները, Ազգային պատկերասրահը միայն տրամադրել է սրահը: Դա է Ազգային պատկերասրահի գործունեության մեջ մտել: Նրանք սխալվել են, քանի որ տեղի է ունեցել ցուցադրությունը մեզ մոտ, մտածել են, որ մաքսային ճանապարհով մենք ենք ներմուծել։ Չի կարելի նման սխալ թույլ տալ: Ինչ վերաբերում է, որ Փարավոնը յուրացրել է ուրիշին պատկանող և պատկերասրահին ի պահ տրված գեղանկարները, նման բան չի կարելի ասել: Ես կարող եմ իրենց դատի տալ, որովհետև նման բան գոյություն չունի: Ինչ վերաբերում է, որ 31 թվականից Ազգային պատկերասրահն ունեցել է 17–րդ դարի նիդեռլանդական գոբելեն, պետք է ուրեմն Փարավոն Միրզոյանին շնորհակալություն հայտնել, որ 70 տարի գոբելենը քայքայվում էր, ես գտել եմ անձամբ Ֆրանսիայում ապրող հայ, որը 10 հազարից ավելի եվրո է տվել, որպեսզի գոբելենը վերանորոգեն: «Ինգո Արմենիա»-ն ապահովագրել է այդ գոբելենը: Պատկերասրահի արտաբյուջետային միջոցների հաշվին մենք բեռնափոխադրում ենք արել Ֆրանսիա, մեկ տարով: Այո՛, դա այնպիսի աշխատանք է, որ չես կարող ժամկետ որոշել : Զանգահարել են, որ պարոն տնօրեն, մենք այս ժամանակի մեջ չենք տեղավորվում, որովհետև շատ աշխատանք կա անելու: Ես գրավոր դիմել եմ Մշակույթի նախարարությանը, որը դիմել է Կառավարություն, մենք ստացել ենք 3 ամսվա հավելյալ ժամկետ և այսօր էլ ես խոսել եմ պարոն Չալոյանի հետ, ինքն ասաց, որ մինչև հոկտեմբերի 10-15-ը իր աշխատանքը կվերջացնի ու կուղարկի Հայաստան: Դրա համար կարելի՞ է թերթում սխալ բաներ գրել և շնորհակալություն հայտնելու փոխարեն... մեկն էլ կարդում է՝ չի հասկանում, թե ինչ է գրված: Դրա համար կարելի էր մի հատ զանգահարել: Իսկ ինչ վերաբերում է, որ ջուր է կաթացել, դա մեր գործը չէ, դրա համար ունենում են համապատասխան շենք, համապատասխան կառույց, որտեղ կարելի է թանգարան ստեղծել, որը չի ջեռուցվում ջրով: Էդ խողովակները 40-50 տարվա պատմություն ունեն, կարող են պայթել: Երբ «Լինսի» հիմնադրամով վերանորոգում էին, թող դրա մասին մտածեին, այդ ջերմաօդային կառույցի մասին: Այսինքն՝ էս խոսակցությունները մեր ազգի մոտ… ես չեմ հիշում մի ուրիշ տնօրենի, որի ժամկետը լրանում է կամ ուզում են պատվերով … չի կարելի, աշխատանքը պետք է գնահատել:
-Այսինքն՝ կարծում եք պատվե՞ր է Ձեր դեմ։
-Միանշանակ, որովհետև այստեղ ինչ գրված է(ցույց է տալիս թերթը) սրանք ոչ մեկը տնօրենի իրավասության մեջ չեն։ Այսինքն՝ տնօրենը չի կարող մաքսային ճանապարհներով էդպիսի քայլեր անել: Ես ավելի շատ ներդրում եմ արել պատկերասրահի համար, քան թե կոպեկ ստացել աշխատավարձի տեսքով։ Ուղղակի ինձ թիրախավորել են, ուրիշ ոչ մի բան չկա, որովհետև մենք աչքի լույսի նման պահպանում ենք մեր եղածը։ Եթե մեկը մտնի մեր դեկորատիվ կիրառականի ֆոնդերը՝ կզարմանա, եթե մեկը մտնի մեր ցուցասրահները, որոնք մենք ենք կառուցել, ոչ թե Լինսի հիմնադրամով, թե՛ Գյուրջյանի սրահը, թե՛գրաֆիկայի սրահը, թե՛ ժամացույցների սրահը, դրանք հրաշալի սրահներ են միջազգային չափանիշեր ունեցող...յուրացնել, դա ուղղակի սրիկայություն է։ Իսկ մեկը չի՞ հիշում, որ անցած տարի Ազգային պատկերասրահը նվեր է ստացել Մարկ Շագալի ստեղծագործությունը, որը մի քանի միլիոն դոլար արժեք ունի։
-Ձե՞ր ջանքերով։
-Այո՛, Փարավոն Միրզոյանի ջանքերով։ Այդ գրողները պետք է իմանան, թե վերջին տարիներն ինչ հրաշալի ցուցահանդեսներ են բացվել Հոլանդիայում, Լեհաստանում, Պուշկինի թանգարանում, Փարիզում, ներկայացվել է հայ կերպարվեստը, ինչ ցուցահանդեսներ ենք բացել Երևանում՝ կլինի հոբելյանական, Բաշինջաղյան, Սուրենյանց, հիմա էլ պատրաստվում ենք Թերլեմեզյանի 150-ամյակի ցուցահանդեսին։
-Իսկ ովքե՞ր են հավակնում Ձեր պաշտոնին, այնտեղ նշվում է, որ Հովիկ Հովեյանի անունն է շրջանառության մեջ։
-Չէ, դա ծիծաղելի է, նա հրաշալի բանաստեղծ է:
-Նույն թերթը գրում է, որ պատկերասրահի աշխատակիցները վախենում են, որ ջրհեղեղից կպրծնեն, կընկնեն էքսցենտրիկ քամիների բերանը:
-Դե լավ, դա արդեն անբարոյականություն է: Ու օրինակ՝ ինչ կապ ունի այստեղ երկրի նախագահներին նշել: Չէ, սա ծիծաղելի է պատվեր է, որը կապ չունի ո՛չ Ազգային պատկերասրահի գործունեության հետ, ո՛չ էլ տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ։ Էլի էին գրել, թե թանգարանում շոգ է, դե հա հանրապետությունում եղել է 40 աստիճան: Մենք տեղադրել ենք մոտ 25 օդափոխիչ, մեզ մոտ բավական լավ վիճակ է, բայց վերջին հարկում տեղադրել հնարավոր չէ, որովհետև ճարտարապետական այնպիսի մեծ սխալ է, որ տեղադրել հնարավոր չէ։ Եվ նախարարությունը, և մենք հրավիրել ենք լավագույն մասնագետներ։ Չկա մեկը, որ ավելի շատ է մտածում պատկերասրահի մասին, այդպիսի բան չի կարող լինել։ Բոլորը միայն շնորհակալություն են հայտնում, ի՞նչ է, մի երկու հոգի տեղից զարթնեցին ու հայտարարեցին, թե այնտեղ շո՞գ է, ամառ է, Հայաստանի բոլոր թանգարաններում էլ շոգ է, չկա այնպիսի թանգարան, որ ունենա բոլոր անհրաժեշտ սարքավորումները, թերևս բացի Մատենադարանից, որը նոր, հրաշալի կառույց է։
- Եթե թվերով ներկայացնենք, օրական կամ տարեկան ինչքա՞ն այցելու է ունենում Ազգային պատկերասրահը։
-Այս պահին չեմ կարող ասել, բայց բավական շատ է։ Երբ որ անվճար համակարգ է գործում, թանգարանային գիշերը միայն 10 000-14 000 այցելու ունենք մեկ օրվա մեջ։ Ամեն ամսվա վերջին շաբաթը նույնպես անվճար է և այցելուները խնդրեմ՝ ինչքան ուզում եք։ Վճարովի օրերին բավականին քիչ են հասկանալի պատճառով, հատկապես ամառային շրջանում։ Վերջիվերջո, երկրում փոփոխություններ են լինում և զբոսաշրջիկների քանակն է շատանում, և ժողովրդի համար էլ հնարավորություն կա այցելել անվճար օրեր կան դրանց համար սահմանված։
- Բայց նման հետարքրքություն Ձեր անձի նկատմամբ մինչև այս պաշտոնավարման ավարտն էլ կա՞ր, թե՞ նոր եք նկատում նման բան։
-Ոգևորվել են, այդպիսի բաներ համարյա չեն եղել, եթե մեկ-երկու պատվերով մի 10 տարի առաջ գրել են, դա է, առանձնապես գովերգով են ներկայացրել իմ գործունեությունը։ Ախր դուք էլ եք տեսնում իմ աշխատանքը, սա պահելու էլ չի։ Ուղղակի մեզ մոտ ոնց ա, պետք է ոտքդ ջարդվի, հիվանդ լինես, որ քեզ ասեն վայ ափսոս, բայց երբ դու հաջողություններ ես ունենում, այնպիսի հաջողություն, որ ես այս տարի ունեցա Մոսկվայում, Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանում 100-ից ավելի աշխատանքներ ցուցադրվեց, ռուս հանրությունը, տուրիստները հիացած էին, և բոլորը գտնում են, որ նման ցուցահանդես վերջին 20 տարում Հայաստանից այդ մասշտաբի ու որակի չի եղել... зависть, ուրիշ ոչ մի բան, ուղղակի զարմանում ես, այսօր իմ ցուցահանդեսը հրավիրում են Վարշավա, Գերմանիա, Հունաստան են հրավիրում, ուրախանալու փոխարեն չարախոսում են։
- Իսկ Դուք շարունակո՞ւմ եք ստեղծագործել։
-Անպայման, ես ինքնակենսագրություն էի գրել, գրել էի, որ ես ծնվել եմ 1949թ-ին դեկտեմբերին նկարչի, բարի, լավ ընտանիքում։ Ես չեմ կարող չնկարել, միշտ այս հարցը տալիս են, ես զարմանում եմ, որովհետև ստեղծագործող մարդը, որն ասելիք ունի, չի կարող չնկարի, նրան ժամանակը միշտ էլ Աստված տալիս է, որովհետև պետք է արտահայտվի։
-Իսկ Ձեր նկարագրած ողջ բացասականն ազդեցություն թողնո՞ւմ է Ձեր նկարների վրա։
- Ո՛չ, իհարկե ո՛չ, ես բարություն եմ քարոզում։ Ես գիտեմ, որ մի նկարիչ ոչ մեկի տեղ չի զբաղեցնում, Աստծո տված է ու դա դու ես, ես ոչ պրոֆեսիոնալիզմը չեմ սիրում, այսօրվա այդ թափթփվածությունը չեմ սիրում, բայց իմ ստեղծագործությունները շատ լուսավոր են, ի վերջո, կյանքը բարիություն և սեր է, սեր պետք է տաս մարդկանց, հիմա ինչ կստանաս, դա կարևոր չէ, կարևորը որ դու քո արածից լավ զգաս, քեզ մարդ զգաս։










