Google-ը կամավոր և երկար տարիներ համագործակցում է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ. Ջուլիան Ասանժ

13:30 • 21.09.14

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով այժմ գտնվում է Էկվադորում Լոնդոնի դեսպանատանը, Russia Today-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ պատմել է իր նոր «Երբ Google-ը հանդիպեց WikiLeaks-ին» գրքի մասին։


Գրքում նա նկարագրել է համաշխարհային պետությունների գլոբալ քաղաքականությունը, որն ուղղված է մարդկանց մասին տվյալների հավաքմանը, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունն այդ նպատակով սկսել վերահսկել գլոբալ որոնողական կայք Google-ը։


Ասանժի խոսքով՝ Պետդեպի նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի նախկին օգնականներից մեկը՝ Ջարեդ Քոենը, այժմ գլխավորում է Google Ideas նախագիծը։ Այդպիսով, կառավարությունը ստանում է անմիջական կոնտակտներ և որոնողական կայքի վրա ազդելու միջոցներ։ Նման համագործակցությունը շարունակվում է արդեն ավելի քան 10 տարի։


«Էդվարդ Սնոուդենի նյութերում նշվում է, որ Google-ի ներքին ցանցը հսկվում է Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) և պաշտպանական ոլորտին վերաբերվող ամերիկյան ծառայությունների կողմից։ Եվ դա վաղուց է սկսվել։ 2002-ից Google-ը պաշտոնական պայմանագրեր է կնքել ԱՄՆ ԱԱԳ-ի հետ։ Արդյունքում մենք ունենք կամավոր փոխգործակցություն՝ պաշտոնական պայմանագրի մակարդակով»,- նշել է Ասանժը։


Նա բացահայտել է նաև ևս մեկ հետաքրքիր փաստ գաղտնալսումների իրական նպատակի մասին։ Պարզվում է, տվյալներ հավաքելու վերջանական պատվիրատուները մասնավոր ընկերությունները և բիզնես-ընկերություններն են, որոնք մարդկանց դիտարկում են միայն որպես պոտենցիալ գնորդներ։


«Google-ը հավաքում է ամբողջ տեղեկությունը, դա բիզնեսավարման մոդելի մաս է կազմում՝ հավաքել տվյալներ մարդկանց և նրանց վարքի մասին։ Դա անհրաժեշտ է՝ օգտատերերին գովազդի համար առավելագույնս խոցելի դարձնելու համար։ Տվյալների հավաքումը ընկերության հիմնական գործունեությունն է, որը բերում է շահույթի մոտ 80%-ը»,- ասել է Ասանժը։

 

 

Google-ը կամավոր և երկար տարիներ համագործակցում է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ. Ջուլիան Ասանժ