Իրանի գլխավոր դատախազությունը պահանջել է արգելափակել Viber, Tango և WhatsApp սոցցանցերը
Իրանի գլխավոր դատախազությունը հրահանգել է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությանը արգելափակել այնպիսի սոցիալական ցանցերի մուտքը, ինչպիսին է Viber-ը, Tango-ն և WhatsApp-ը, հաղորդում է ИТАР-ТАСС:
Ինչպես հայտնում է իրանական Press-TV հեռուստաալիքը, որոշման պատճառն այն է, որ այդ սոցցանցերում «տարածվում էր նսեմացուցիչ բովանդակությամբ տեղեկատվություն»:
Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությանն ուղարկված նամակում Իրանի գլխավոր դատախազ Գոլյամ Հոսեյն Մոհսենի-Էջեին ընդգծել է, որ այդ սոցիալական ցանցերում տարածվում էին «անպարկեշտ բնույթի և իսլամական և բարոյական արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ» նյութեր:
Գլխավոր դատախազը նաև նշել է, որ այդ սոցիալական ցանցերում հայտնված որոշ նյութեր ներշնչվել են «Իրանի Իսլամական Հանրապետությանը արտասահմանյան թշնամական կառավարական հաստատությունների կողմից»:
Իրանի գլխավոր դատախազը նաև ընդգծել է, որ «եթե մեկ ամսվա ընթացքում նրա պահանջը չկատարվի, ապա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն անմիջապես երկրի դատական համակարգի կողմից»:










