Կառուցվող Կապսի ջրամբարը չի կարող փոխարինել Արփի լճի ջրամբարին և վերականգնել բնական լիճն ու էկոհամակարգը. մասնագետ
Թեև արդեն մի քանի տարի է՝ բնապահպանության նախարարության կողմից ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը, սակայն Արփի լիճը շարունակում է գործել որպես ջրամբար: Tert.am-ի հետ զրույցում «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Ամալյա Համբարձումյանը նշեց, որ 1950-ական թվականներին որոշվեց արհեստականորեն բարձրացնել լճի մակարդակը և վերածել ջրամբարի:
«Իսկ եթե ջրամբարի են վերածում, նրա մակարդակը սկզբից բարձրացնում են, մեծ քանակությամբ ջուր են բաց թողնում, ու լճի մակարդակն սկսում է տատանվել: Այս ամենի արդյունքում էկոհամակարգ չի ձևավորվում: Որպեսզի էկոհամակարգը ձևավորվի, պետք է ջրի մակարդակը կայուն լինի: Իհարկե՝ այն ունի բնական մակարդակի տատանման չափ: Օրինակ՝ Սևանի բնական մակարդակը միշտ տատանվել է 40 սմ-ով, որովհետև գարնանը լիճը լցվում է, հետո գոլորշիանում է: Այսինքն՝ ցանկացած լիճ ունի բնական տատանման ինտերվալ: Այդ ինտերվալը խախտվելուց հետո այդ տարածքում բնական էկոհամակարգ չի ձևավորվում»,-ընդգծեց նա:
Ամալյա Համբարձումյանը հիշեցրեց, որ «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելուց առաջ, որը ենթադրում էր լճի մակարդակի կայունացում, Կառավարությունը որոշում ընդունեց՝ լճից ներքև կառուցել Կապսի ջրամբարը, Արփի լիճն էլ վերականգնել որպես լիճ:
«Հիմա Կապսի ջրամբարի վերականգման ծրագիրն է իրականացվում KFW գերմանական զարգացման բանկի կողմից, բայց դրանով նախատեսված չէ այնպիսի ծավալի ջրամբար կառուցել, որ Արփի լիճը վերականգնվի որպես լիճ: Այսինքն՝ ստացվում է, որ նորը սարքում են, հինն էլ թողնում են: Ճիշտ է, ասում են՝ լճի մակարդակի տատանումը կլինի ոչ թե 7-ից ավելի խմ մետր, ինչպես այսօր, այլ՝ 2-3 խմ, բայց եթե նույնիսկ 1 մետր տատանվի, արդեն չի ձևավորվի էկոհամակարգ: Ասում են՝ Կապսի ջրամբարի ծավալը 25 մլն խմ է, գուցե մի քիչ ավելի, բայց որպեսզի այն փոխարինի Արփի լիճը, պետք է լինի 80-90 մլն խմ: Այսինքն՝ խնդիրը պետք է դնել այսպես. ինչպիսի ծավալով ջրամբար պետք է կառուցել, որ նա փոխարինի Արփի լճին և վերջինս էլ վերականգնվի որպես բնական լիճ»,-ասաց «Խազեր» էկոլոգամշակութային հասարակական կազմակերպության նախագահը:
Ամալյա Համբարձումյանն ընդգծեց, որ հարցը փորձելու են առաջ քաշել բնապահպանության նախարարությունում:
«Բայց նշեմ, որ այնպես չի, որ նախարարությունն է նախագծել այս ամենը, պարզապես իր խնդիրն էր՝ փորձել վերականգնել Արփի լիճը: Այս հարցում նաև տեղի բնակչությունը պետք է շահագրգռված լինի»,-ասաց նա:
Նշենք, որ փորձեցինք խնդրի հետ կապված մեկնաբանություն ստանալ նաև բնապահպանության նախարարությունից, սակայն խոստացան պատասխանել առաջիկա օրերին:










