Հասան Ռոհանին Իրանը տարածաշրջանում անվտանգության խարիսխ է անվանել

17:55 • 22.09.14

Իրանի նախագահ Հասան Ռոհանին աջակցություն է հայտնել Մերձավոր Արևելքի երկրներին ահաբեկչության դեմ պայքարում՝ վստահեցնելով, որ Իրանը «տարածաշրջանում անվտանգության խարիսխ է», հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնել է Press TV հեռուստաալիքը, նախագահը ելույթ է ունեցել երկրի մայրաքաղաքում զորահանդեսի անցկացման առթիվ, որն ամեն տարի անցկացվում է ի հիշատակ 1980 թվականին Իրան իրաքցի զորքերի ներխուժման:

 

«Իրանն աջակցում է Մերձավոր Արևելքի ժողովուրդներին ահաբեկչության դեմ իրենց պայքարում, իսկ իրանական զինված ուժերը տարածաշրջանի պետություններին օգնություն կտրամադրեն ահաբեկչական խմբավորումներին դիմադրելու հարցում», - հայտարարել է Ռոհանին:

 

Նա նշել է, որ վերջին տարիներին «հեգեմոն տերություններն իրանական ժողովրդի դեմ տնտեսական պատերազմի նոր փուլ են սկսել՝ սահմանելով հերթական պատժամիջոցներն իսլամական պետության դեմ, որն իրականացնում է խաղաղ միջուկային հետազոտություններ»: Այդ առնչությամբ Ռոհանին ընդգծել է, որ իրանցիները «խաղաղասեր ժողովուրդ են», և նրանք «երբեք չեն ձգտել զանգվածային ոչնչացման զենք ստեղծել»: