Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ավելի շատ խոչընդոտում են ռուսական կողմից հնչող հայտարարությունները. Խ.Քոքոբելյան

20:30 • 22.09.14

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստում կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ավելի շատ խոչընդոտում են ու հայկական կողմից մեծ արձագանքի արժանանում ռուսական կողմից հնչող ոչ արդարացի ու անհավասարակշիռ հայտարարությունները:


«Սա այս ակումբի յոթերորդ նիստն է, և հասարակության մեջ շատ դրական էմոցիա կառաջացներ, եթե այստեղ քննարկվեր և քննադատվեր ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

 

Մինչ այդ Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը կարծիք հայտնեց, թե հայերն իրենց լեզուն չեն սովորում, որ դասականներին կարդան, ինչին Քոքոբելյանը պատասխանեց. «Ջորջ Գորդոն Բայրոնը սովորել է հայերեն, որպեսզի հենց այդ լեզվով կարողանա կարդալ Գրիգոր Նարեկացուն: Շատ այլ մասնագետներ հատուկ սովորում են հայերեն, որ կարդան մեր մեծագույն ստեղծագործությունները»:

 

Նա նաև նշեց, թե չի կարծում, որ նման քննարկումը կվատացներ հարաբերությունները ՌԴ-ի հետ, հակառակը` բովանդակային ու անկեղծության իմաստով բոլորը կհավատային, որ այս ակումբի ստեղծումը մերձեցնելու նպատակ ունի:
Ըստ պատգամավորի` այստեղ պետք է քննարկվեր նա Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը: Մ. Շվիդկոյն արձագանքեց, որ ցանկություն չունի խառնվել ակումբի ներքին հարցերին: «Դուք կցանկանայի՞ք, որ ադրբեջանցիներն ամերիկյան, գերմանական կողմից զենք գնեին»,-հռետորական հարց հնչեցրեց նա` հավելելով, որ այսօր հայկական բանակն ամենամարտունակներից է, և դա նաև հայ-ռուսական ռազմական սերտ համագործակցության արդյունքն է:

 

Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ կա 1997 թ-ի հայ-ռուսական պայմանագիրը, որտեղ ասվում է, որ կողմերը պարտավոր են նպաստել խաղաղության հաստատմանն՝ իրենց հասանելի միջոցներով:


Ակումբի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ պատգամավորի բարձրացրած հարցերից որոշներն արդեն քննարկվել են ակումբի նիստերում: «Դուք ավելի հաճախ մասնակցեք մեր աշխատանքներին, հանդես եկեք առաջարկներով»,-ասաց Հերմինե Նաղդալյանը: