Մեկնարկում է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 6-րդ փառատոնը. Մշակույթի նախարարություն
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 6-րդ մրցույթ–փառատոնի ընտրական փուլ անցած մասնա¬կիցները սեպտեմբերի 26-ին և 27-ին կմրցեն՝ Հովհաննես Թումանյանի թանգարա¬նում, որտեղ և սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը: Մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլն իրականացվել է հունիսի 25-ից հուլիսի 25-ը մարզերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հեքիաթասացության և բարբառի 6-րդ փառատոնին մասնակցում են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գերմանացի¬ներ, լեհեր, եզդիներ, քրդեր և հրեաներ:
Փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացու¬թյունից փրկել հայոց բարբառները, և ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթն ու նպաստել մշակութային երկխոսությանը:










