Եռյակն ամփոփում է 12 կետերի վերջնական գնահատականները և օրակարգ է ձևավորում. Ռուբեն Հակոբյան

16:48 • 23.09.14

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «եռյակի»՝ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների` այսօր տեղի ունեցած փակ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը հերթական աշխատանքային նիստին քննարկվել են չորս հարցեր՝ առաջիկայում մարզային այցելությունների հաստատում, 12 կետերի վերջնական գնահատականների ամփոփում, հանրահավաքի օրակարգի ձևակերպում և տեխնիկական հարցեր։


«Արդեն համապետական հանրահավաքի օրակարգի ձևավորման ժամանակն է, այն բնականաբար չի կարող լինել երկու կետով, ընդգրկուն օրակարգ կլինի, շատ կարևոր են մարզային այցելությունները, որոնք ազդել են նաև ընդհանուր օրակարգի ձևավորման վրա»,-ասաց նա:


Իսկ թե հանրահավաքին իշխանափոխության պահանջ լինելու է, թե ոչ, Հակոբյանը պատասխանեց, թե դեռ օրակարգ են ձևավորում. «Անշուշտ պահանջներ լինելու են, հարցեր կան, որոնք բնականաբար պետք է հնչեն, բայց օրակարգ ենք ձևավորում, որտեղ ամենատարբեր պահանջները կարող են լինել»։


Երեք ուժերի առաջնորդների մասնակցության հարցն էլ ըստ Հակոբյանի՝ դեռ քննարկման փուլում է:


Անդրադառնալով «Հայ Յեղափոխական Դաշնակցության» քառյակից հեռանալուն՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, թե իրենց ՀՅԴ գործընկերները դեռ վերջնական չեն ասել, որ քառյակից հեռանում են:


Իսկ թե ինչու երեք ուժերը մերժեցին Դաշնակցության՝ նշանակվածից 5 օր հետո հանրահավաք անելու առաջարկը, պատգամավորը նկատեց. «Չեմ ուզում մեր ներքին խոհանոցի հետ կապված մանրամասներ ասել: Ամեն ինչ արեցինք, որ չորս քաղաքական ուժի ձևաչափը պահպանվի»։