Հայաստանը գինու, հացի ու արհեստների գույներով կներկայանա փառատոնների սիրահարներին
Հայաստանի մշակույթն ու ավանդույթները ներկայացնող փառատոնները աշնանը կրկին կհամախմբեն տեղացի և արտասահմանցի հյուրերին: Հոկտեմբերին նրանք հնարավորություն կունենան մասնակից լինել Հայաստանի գույները ներկայացնող մի քանի փառատոնների:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ին` Արենիում: Արենի գինու 6-րդ ավանդական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-5-ը Վայոց Ձորի գինեգործական հինգ համայնքներում: Հոկտեմբերի 1-ին Մալիշկա համայնքում անցկացվելու է Համայնքի օր միջոցառումը, որտեղ տեղի կունենա տնական օղիների փառատոն-ցուցադրություն-համտես: Հոկտեմբերի 2-ին Ելփինում և 3-ին Ռինդում կայանալիք Համայնքի օր տոնական միջոցառումների շրջանակներում կանցկացվի տնական գինիների փառատոն: Հոկտեմբերի 4-ին Արենիում տեղի կունենա Արենի գինու ավանդակա փառատոն, գործարանային արտադրության գինիների փառատոն-ցուցահանդեսով և գինու պատրաստման գործընթացի ցուցադրությամբ, գեղարվեստական համարների կատարումներով: 2014 թվականի տոնական միջոցառումների հնգօրյակը կեզրափակվի հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձոր քաղաքում, վայոցձորյան Բերքի տոնով:
Հոկտեմբերի 5-ին փառատոնային շքերթին կմիանա նաև Գյումրին, որտեղ նշվելու է քաղաքի օրը: Փառատոնի շրջանակներում կանցկացվի Արվեստի և Արհեստի Փառատոնը, Հացի Փառատոնը, տեղի կունենան այլ տոնական միջոցարումներ, հրավառություն: Արվեստների և արհեստների փառատոնի շրջանակում կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների և քանդակագործների ավանդական ոճի աշխատանքները:
Փառատոնային տրամադրություն կտիրի նաև Հայաստանի սրտում` Երևանում, որտեղ անցկացվում է Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Այս տարի ևս փառատոնն իր շուրջ է համախմբել տարբեր երկրների լավագույն երաժիշտներին: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 24-ին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբը և Էդվարդ Թոփչյանը հանդես կգան ֆլեյտահար Մասիմո Մերչելիի, կիթառահար Ֆաբիո Զանոնի և դաշնակահար Սիմոն Տրպչեսկու հետ:










