Բելգիական ոստիկանությունը գործադուլ է հայտարարել
Բելգիայի ազգային ոստիկանության աշխատակիցները գործադուլ են հայտարարել, հայտնում է lenta.ru-ն` Le Soir-ին հղումով: Ըստ աղբյուրի՝ բողոքի ակցիան տևելու է մի ամբողջ օր, դրան մասնակցում է երկրի ոստիկանների 65-75 տոկոսը:
Գործադուլի դրդապատճառը կենսաթոշակային համակարգում փոփոխություններն են, որոնց մասին հայտարարել է Բրյուսելը:
Մի շարք փոփոխություններից բացի, պլանավորվում է հեռացնել օրենքի այն կետը, որը թույլ է տալիս ոստիկաններին ժամանակից շուտ թոշակի անցնել:
Եթե նախկինում իրավապահ մարմինների աշխատակիցները կարող էին թոշակի գնալ 54 տարեկանում, ապա այժմ դա հնարավոր կլինի անել միայն 62 տարեկանում:
Ոստիկանները շարունակում են հասարակական կարգը պահպանել, սակայն մեծածավալ գործողությունների հրամանների դեպքում դրանք չեն կատարում, քանի որ ցանկանում են, որ կառավարությունը կատարի իրենց պահանջները:
Նրանք նույնիսկ զգուշացրել են, որ ավելի լուրջ գործողությունների են պատրաստ, որի ժամանակ հնարավոր է իրենց միանան նաև այլ արհմիություններ:














