Բուլղարիայի իշխանությունները հնարավոր են համարում երկրում գազային ճգնաժամի առաջացումը

15:10 • 23.09.14

Բուլղարիան հնարավոր է համարում երկրում գազային ճգնաժամի առաջացումը: Այդ մասին հայտարարել է երկրի տեխնիկական կառավարության էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Վասիլ Շտոնովը Բուլղարիայի մայրաքաղաքում միջազգային համաժողովի բացմանը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

«Մեզ համար ամենակարևորը հնարավոր ճգնաժամին պատրաստ լինելն է: Հենց այդ պատճառով մենք ակտիվ հետևում ենք Ուկրաինայի զարգացումներին, Ռուսաստանի, Ուկրաինայի և եվրոպական հանրության հարաբերություններին: Ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում գազային ճգնաժամից խուսափելու համար»,- հայտարարել է նախարարը:

 

Նրա խոսքով՝ «եթե դադարեցվի կամ անգամ կրճատվի գազամատակարարումը, ապա Բուլղարիայում դրությունը ծանր կլինի, քանի որ երկիրը ողջ գազը ստանում է մեկ գազամուղից, որն անցնում է Ռուսաստանից Ուկրաինայի և Ռումինիայի տարածքով»:

 

Նախարարը նշել է, որ «Չիրեն» գազապահեստարանի հնարավորությունը սահմանափակվում է ամեն օր 4 միլիոն խորանարդ մետր գազով, մինչդեռ ձմռանը գազի սպառումը երկրում հասնում է 10-11 միլիոն խորանարդ մետրի:

 

Խոսելով «Հարավային հոսք» նախագծի մասին՝ Շտոնովը նշել է, որ Բուլղարիան դրա նկատմամբ ունի զուտ կոմերցիոն հետաքրքրություն: