Չինական ռեստորաններից մեկի սեփականատերը ուտեստների մեջ ափիոն է ավելացրել հաճախորդներին գրավելու համար

19:25 • 23.09.14

Չինաստանի Յանան քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ռեստորանի սեփականատիրջը, ով ուտեստների մեջ պարբերաբար ափիոն էր ավելացնում: Հիպնոսացնող հատկություն ունեցող բաղադրիչի օգնությամբ նա փորձում էր հաճախորդներին կախվածության մեջ գցել իր հատուկ ուտեստներից և դրանք հայտնի դարձնել:


Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` South China Morning Post պարբերականին հղումով, ռեստորանի մշտական հաճախորդներից մեկը` Լյու ազգանունով, ում մի անգամ կանգնեցրել էր ճանապարհային ոստիկանությունը, չէր անցել թմրանյութերի ստուգումը: Տղամարդը, պնդելով, որ երբևէ արգելված նյութեր չի օգտագործել, գլխի է ընկել, որ թմրանյութի հայտնաբերման պատճառը կարող է թաքնված լինել ամենօրյա ուտելիքի քիմիական բաղադրության մեջ:



Լյուն խնդրել է իր ընտանիքի անդամներին՝ ճաշել այդ ռեստորանում, ապա ստուգում անցնել: Ստուգման արդյունքում նրանց օրգանիզմում ևս թմրանյութի հետքեր են հայտնաբերվել:


Ռեստորանի ձերբակալված սեփականատերը խոստովանել է, որ 2 կգ ափիոնի բույս է գնել, աղացել է այն և փոշու վերածելով` կիրառել ուտեստներում: