Ուժի գործադրմամբ և դանակի սպառնալիքով բնակարանային կողոպուտ՝ Դիլիջանում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժնում սեպտեմբերի 20-ին, ժամը 23.20-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1953 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն և հայտնել, որ իր հորաքրոջ տուն է մտել մի երիտասարդ և դանակի սպառնալիքով գողացել 70.000 դրամ ու ոսկյա զարդեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձը դիմակավորված մուտք է գործել 1940 թ. ծնված Սվետլանա Պ.-ի տուն և դանակի սպառնալիքով պահանջել գումար ու ոսկեղեն, ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածք, այնուհետև Սվետլանա Պ.-ի ձեռքից քաշելով հանել է մատանին, հյուրասենյակի զգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից հափշտակել է 70.000 դրամ, իսկ զարդատուփից` արծաթյա 2 մատանի և տարբեր տեսակի զարդեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1972 թ. ծնված Գեորգի Դ.-ն և 1988 թ. ծնված Գոռ Պ.-ն:
Գեորգի Դ.-ն և Գոռ Պ.-ն ձերբակալված են:
Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:










