ԵՄ-ն կարող է սեպտեմբերի 30-ին վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը սեպտեմբերի 30-ին կարող է սկսել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայման գործընթացը: Այդ մասին հայտնի է դարձել kommersant.ru-ին:
Մինչ այդ օրը ԵՄ-ի արտաքին քաղաքական հարցերով ծառայությունը պետք է անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունների իրականացման մասին զեկույց ներկայացնի:
Այն մասին, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայման գործընթացը կարող է մեկնարկել մեկ շաբաթից, kommersant.ru-ին ասել է ԵՄ-ի կառույցներում առկա աղբյուրը: kommersant.ru-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը նշել է, որ կախված Մինսկի պայմանավորվածությունների իրականացումից և Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի զարգացումից՝ ԵՄ-ն կարող է «փոխել, դադարեցնել կամ չեղյալ հայտարարել պատժամիջոցները՝ մասամբ կամ ամբողջովին»:
kommersant.ru-ի աղբյուրը հստակեցրել է. հետագա քայլերի մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 30-ին Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի մակարդակով:










