Վարչապետերի ակումբից պետք չէ շատ սպասելիք ունենալ. Խոսրով Հարությունյան
Վարչապետերի ակումբից պետք չէ շատ սպասելիք ունենալ, բայց կարծում եմ` որոշ ժամանակ անց գուցե դա կյանքի կոչվի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։ «Իմ տվյալներով՝ ներկայում մշակվում է վարչապետերի ակումբի այսպես ասած՝ կանոնակարգը, որտեղ կարող է գրված լինել վարքագծի կանոնները»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիս ամսին հայտարարել էր, թե մտադիր է նախկին վարչապետերի ներուժն օգտագործել՝ նրանց մի կառույցում համախմբելով:
Խոսրով Հարությունյանն անկեղծացավ՝ իր համար անսպասելի էր լրագրողների մոտ այդ ակումբի նկատմամբ նման ընդգծված հետաքրքրասիրությունը. «Շատ սպասելիքներ պետք չէ ունենալ դրանից, դա լինելու է ոչ ֆորմալ շփումների հարթակ, այսինքն՝ դա որոշումներ չի կայացնելու»։
Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ իրենք նախաձեռնել էին պաշտոնաթող նախարարների ակումբ, որն, ի դեպ, հենց ինքն էլ ղեկավարում էր։ «Մենք տարբեր նախարարներով տարբեր տեղեր հավաքվում էինք, և պարտադիր էլ չէր, որ բոլորը ներկա լինեին, ով կարողանում էր, մասնակցում էր, ով չէր կարողանում, չէր մասնակցում, ու սկսում էինք խոսել։ Մենք որոշում չէինք կայացնում, ուղղակի հաղորդակցվելով կարևոր հարցերի շուրջ՝ սեփական դիրքոշումն էինք հստակեցնում։ Այսինքն՝ վարչապետերի ակումբն այդ դերակատարումն է ունենալու, իսկ գործող վարչապետը կարող է օգտվել նախկին կոլեգաների փորձառությունից»,-նշեց նա։










