Վրաստանում հայության լինելը Հայաստանի Հանրապետության ամուր լինելու գրավականն է. Հայր Բաբկեն վարդապետ Սալբիյան
Հայապահպանության խնդիրը ոչ միայն Ջավախքում, այլ ամենուր է առաջնահերթ, իսկ Վրաստանում՝ մասնավորապես. Tert.am-ի հետ զրույցում նշեց Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբկեն վարդապետ Սալբիյանը։ «Որովհետև Վրաստանը Հայաստանի դաշնակից ու բարեկամ երկրներից մեկն է, որտեղ ապրում է մոտավորապես 500 հազար հայ, և հայության այստեղ լինելը Հայաստանի Հանրապետության ամուր լինելու գրավականն է»,- նշեց նա։
Հայր Բաբկենի խոսքով՝ Վրաստանում հայապահպանությունը ոչ միայն եկեղեցին է կազմակերպում, այլ համայնքային կյանքի միջոցով է այն կազմակերպվում։ «Օր օրի բացվում են երիտասարդական կենտրոններ, որոնք նպաստում են հայեցի դաստիարակությանը։ Երևի տասը տարի առաջ նման կենտրոն բացելու մասին մտածելը ծիծաղելի կլիներ, այսօր արդեն, փառք Աստծո, իրական է։ Բավական կենտրոններ եկեղեցու կողմից են բացվել, որտեղ հավաքվում են մեր երեխաները»,- ասաց նա։
Ըստ վարդապետ Սալբիյանի՝ կարևոր է լեզվի պահպանության խնդիրը։ «Մեզ համար գերակա խնդիր է, որպեսզի հայոց լեզվին տրվի որպես երկրորդ պետական լեզվի կարգավիճակ, ես չգիտեմ դա ինչքանով է իրականանալի, բայց որ հայերը պետք է կարողանան խոսել պետական լեզվով՝ դա միանշանակ է»,- ասաց նա և նշեց, որ Վրաստանում հայկական դպրոցները հիմնական ֆակուլտատիվ են անցնում հայ ժողովրդի պատմությունը։
«Մեր երեխաները ծանոթ չեն իրենց պատմությանը, և կենտրոնների միջոցով է, որ փորձում ենք սովորեցնել, թե ինչ է հայ ժողովրդի պատմությունը։ Ժամանակին խոսք էր գնում, որ պետք է հայ եկեղեցու պատմություն դասավանդվի թեկուզ ֆակուլտատիվ ձևով, որը ինչ-ինչ պատճառներով չիրականացավ»,- ասաց նա և հավելեց, թե չիրականացման համար պատճառ դարձավ այն, որ վրաց եկեղեցու պատմություն չի դասավանդվում նաև վրաց դպրոցներում։ «Խոսք էր գնում, որ երբ Վրաստանի դպրոցներում վրաց եկեղեցու պատմություն դասավանդվի, հայկական դպրոցներում էլ հայ եկեղեցու պատմություն կդասավանդվի»,- նշեց նա։
Իսկ թե այդ դեպքում ինչու է դպրոցական ծրագրով վրաց պատմություն դասավանդվում, իսկ հայոց պատմությունը ոչ, Հայր Բաբկենը նշեց, որ պատճառաբանվում է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները պետք է իմանան վրաց պատմությունը։ «Մենք ունենք Ջավախքում 132 հայկական դպրոց՝ ներառյալ Ծալկան և Ախալցխայի շրջանը, որտեղ հայ ժողովրդի պատմությունը դասավանդվում է ֆակուլտատիվ ձևով, օրը երկու-երեք ժամ առավելագույնը, այսինքն՝ դա էլ ընտրովի է, երեխաների որոշումն է գալ այդ առարկային նստել, թե՝ ոչ»,- ասաց նա։
Գրականության պակաս, ըստ հոգևորականի, կա այնքանով, որ հիմնականում այն լրացվում է ՀՀ-ից ուղարկված դասագրքերով։ «Իհարկե որոշ դասագրքեր հրատարակվում են Վրաստանում թարգմանաբար, բայց օրինակ՝ առաջին դասարանցի հայ երեխաների համար նախատեսված գրքերում հայ գրողներ արդեն չկան, ու հիմնականում վրաց գրողներ են թարգմանված հայերենով, ինչը, կարծում եմ, սխալ է։ Պետք է իհարկե վրաց գրողների կողքին լինեն նաև հայ գրողներ, որ երեխան մեծանալով ճանաչի իր ազգի գրողներին»,- ասաց նա։
Թե վիրահայության համար ինչ դեր ունի եկեղեցին, Հայր Բաբկենը նշեց, թե հայ եկեղեցու դերը հասկանալու համար պետք է լինել այն շրջաններում, որտեղ չկա եկեղեցի և համեմատել, թե ինչքան մեծ է հայկական համայնքում եկեղեցու նշանակությունը։
«10-13 տարի առաջ եկեղեցու դերը և ընդհանրապես հոգևոր կյանքը շատ նվազ էր, գրեթե գոյություն չուներ, Գարեգին Բ վեհափառը շատ իմաստուն որոշում կայացրեց և ստեղծեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ։ Այսօր մենք ունենք մոտավորապես 30-35 վերաբացված եկեղեցի այս տարածաշրջանում և արդեն 8-9 հոգևորական։ Որտեղ կա վերաբացված եկեղեցի, հոգևորական, կյանքն աշխուժացել է, ժողովուրդը հավաքվել է եկեղեցու շուրջ։ Եկեղեցու ներկայությունը արթնացրեց ժողովրդին և ոչ միայն հոգևոր, ազգային մշակույթի, կրթության և մյուս հարցերում է ժողովուրդը եկեղեցու կողքին, դրա համար առաջ ենք գնում կերտում վաղվա ապագան»,- եզրափակեց նա։










